Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Շարմազանովը շոյված է Տեր-Պետրոսյանի խոսքերից (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-eduard

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անկեղծորեն շոյված է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքից, որ Հանրապետական իշխանությունն ընտրված իշխանություն է. «Հաճելի չասեմ, բայց շատ կարեւոր է, որ պետության առաջին նախագահը նաեւ ընդունում է, որ այսօրվա իշխանությունները ընտրված են»: Խորհրդարանի փոխնախագահը չի ուզում գնահատել, թե ինչ է տեղի ունեցել առաջին նախագահի հետ, որը 2008-ին եւ 2013-ին ասում էր, թե Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ չէ եւ հիմա ասում է ուղիղ հակառակը. «Շատ դեպքերում երբ որ ժամանակն անցնում է, դու ավելի սառն ես գնահատում շատ բաներ եւ գնահատականները կարող են փոխվել»: Խորհրդարանի փոխնախագահի ականջը շոյել է նաեւ առաջին նախագահի այն միտքը, որ Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի իշխանության քայլերը դավաճանական չեն: Սակայն երկար ժամանակ Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտին ազատագրված տարածքներ անվանող Հանրապետականն այսօր դա չի պնդում. «Իմ կարծիքն էդքան կարեւոր չի, ավելի կարեւոր է մեր պետական իշխանության կարծիքը»: Հիմա Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտին Հանրապետականը բնորոշում է որպես «այդ տարածքներ». «Այդ տարածքները, փախստականները, դրանք ածանցյալ հարցեր են»: Պարոն Շարմազանովը չի կարող ասել, թե ինչ ազդեցություն կունենա Հայ Ազգային Կոնգրեսի վարկանիշի վրա Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա խոսքը, կարեւորն այն է, որ առաջին նախագահը պոպուլիստ չէ. «Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ նրա կարծիքը արդարացված է, թե չէ»: Էդվարդ Շարմազանովն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսում էր որպես մտքի այլ թռիչք եւ քաղաքական փորձն ու իմաստություն ունեցող մարդու: Նախկինում Տեր-Պետրոսյանը Հանրապետականի համար մի աստղ էր, որը մարում է: