«Սյունիքում պետական հիմնարկներում ստորագրություններ են հավաքում» (տեսանյութ)
Սյունիքի մարզում ամեն ինչ արվում է իշխող ուժի կողմից, որպեսզի առավել ճնշումներով ապահովեն հաղթանակ. այս մասին այսօր հայտարարեց Գորիսի նախկին քաղաքապետ, Ազատ դեմոկրատների կողմից առաջադրված Սամվել Հարությունյանը. «Բոլոր պետական հիմնարկներում ստորագրություններ են հավաքում՝ իշխող ուժին ձայն տալու պարտավորություն կորզելով»։ Նրա պնդմամբ՝ այստեղ կարևոր դեր ունի նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը. «Ես ուզում եմ կոչ անել նախագահին, մարզպետին ՝ վերջ տալ բռնություններին։ Հատկապես Սյունիքում հիմա են հիշում, որ բարեգործություն պետք է անեն» ։ Հայաստանում ծանր վիճակ է, և սպասվում են կարևոր զարգացումներ։ Ապրիլյան քառօրյան նախերգանքն էր, և չի բացառվում նոր ռազմական գործողություններ՝ ասում է Սամվել Հարությունյանը. «Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն պահի սպառնալիքներին պատասխան տալ»։ Նա համոզված է, որ Ազատ դեմոկրատները կհաղթեն ընտրություններում և սպառնալիքները կչեզոքացնեն։ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաև գրող, լրագրող Անանիա Մաղաքյանը։ Նա ներկայացնում է, թե ինչու է իշխող ուժի հետ գնում. «ՀՀԿ-ն ունի ավելի շատ հնարավորություններ, և կարծում եմ, որ ունակ ուժի հետ պետք է գնալ, որպեսզի ծրագրերդ կատարվեն»։