Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱԽՏԻԿԸ ԳՐԵԹԵ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Մարզեր

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղը, որն ունի 1200 բնակիչ, հիմնականում բնակեցված է փախստականներով: Տեղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է:

Ինչպես տեղեկացնում է Դրախտիքի գյուղապետ Մելսիկ Ղալաչյանը, եթե 1993 թվականի տվյալներով գյուղում հաշվառվում էր 250 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ապա այսօր այն հասել է 1200-ի: Արտադրված անասնապահական մթերքն իրացվում է ինչպես Ճամբարակի տարածաշրջանում, այնպես էլ մայրաքաղաքի շուկաներում: Բացի այդ, կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկը տեղում կազմակերպում է կաթի մթերում` կանխիկ վճարելով մեկ լիտր կաթի դիմաց 80-120 դրամ:

Դրախտիկ գյուղը գազիֆիկացված չի եղել նույնիսկ խորհրդային տարիներին: Սակայն այժմ, համայնքի բյուջեի միջոցներով աշխատանքներ են տարվում գյուղի գազիֆիկացման ուղղությամբ: Այս նպատակով գյուղի բյուջեից ներդրվել է շուրջ 70 մլն դրամ:

Այսքանով հանդերձ, Դրախտիկում անլուծելի են մնում հեռահաղորդակցության հետ կապված հիմնահարցերը: Մասնավորապես, աշխարհագրական բարդ դիրքի պատճառով դրախտիկցիները հնարավորություն չունեն դիտելու հեռուստածրագրեր: Փոխարենը, նրանք դիտում են արբանյակային հեռուստածրագրեր, սակայն այս միջոցը ոչ բոլորին է հասու: Դժվար է ապահովվում նաեւ միջքաղաքային հեռախոսակապը: Տարեցտարի այն կորցնում է շահագործման հետագա պիտանությունը` կապիտալ նորոգումներ չկատարելու պատճառով: «Տեղական միջոցները թույլ չեն տալիս», - ասում է համայնքի ղեկավարն ու ակնկալում, որ այս եւ այլ հարցում կօժանդակի ՀՀ կառավարությունը: