Հայաստանի վիթխարի ներուժը սպառում չունի. փորձագետ
Ինչպե՞ս է Հայաստանն այսօր օգտագործում իր ներուժը: Ինչպե՞ս պրակտիկ մենեջմենթ իրականացնելու փորձ հավաքել, մասնավորապես մշակույթի ոլորտի գործիչների համար, խոշոր նախագծեր կազմակերպել և իրականացնել: Իր փորձը կիսում է PPV Knowledge Networks գործակալության տնօրեն, միջազգային փորձագետ Վլադիմիր Վորոբեյը Վլադիմիր Վորոբեյը Հայաստանում վիթխարի ներուժ է տեսնում, որը, սակայն, իր կարծիքով, սպառում չունի: Կա պատմամշակութային հարուստ փորձ, որով իրավամբ կարելի է հպարտանալ, սակայն պետք է կարողանալ այն նաև գովազդել, ներկայացնել աշխարհին: «Ես, օրինակ, հիանում եմ ձեր քարի մանրաքանդակներով»,- ասում է փորձագետը: «Այս ոլորտում արհեստագործական խորը, հարուստ ավադույթն առկա է, դա պետք է կարողանալ միահյուսել ժամանակակից ճարտարապետական, շինարարական նախագծերի հետ, կարողանալ կիրառել ստեղծարար գործի մեջ, և ոչ միայն Հայաստանում: Կամ նորաձևության ոլորտում: Արդյո՞ք ձեր դիզայներները կարողանում են համագործակցել եվրոպական կամ համաշխարհային ճանաչված դիզայներների հետ, առաջարկել նոր, յուրահատուկ հյուսվածքներ, կտորներ կամ ձեռագործ աշխատանքներ, որոնք կարող են արտահանվել»: Նա անդրադարձավ նաև հրատարակչական գործին: Իր խորին համոզմամբ՝ հայ գրականությունը, հայ գրողների ներկայացումը և մատուցումը պատշաճ չի կատարվում: «Որևէ հայ հեղինակի անուն անգամ չգիտեմ, չնայած որ ինձ համարում եմ մշակույթի մարդ: Սա իմ խնդիրը չէ, այլ ձեր խնդիրն է: Դուք պետք է կարողանաք ներկայացնել ձեր մշակույթը, ձեր գրականությունը՝ հրատարակչական ճշգրիտ մոտեցում ցուցաբերելով: Ձեր հրատարակիչները պետք է արտոնագրված նյութ վաճառեն՝ օրինակ, Ուկրաինական հրատարակչություններին»: Ավանդականի լավ իմաստով առևտրայնացնելը, ժամանակակից ձևաչափերին միահյուսելը կարևոր ճանապարհ է, որ պետք է կարողանալ անցնել: «Դուք հպարտանում էք ձեր սփյուռքով: Այսինքն՝ ունեք լավ կապեր, ասել է՝ պատրաստի սպառող ունեք արտերկրում: Բայց պետք չէ միայն ավանդականը օգտագործել: Պետք է կարողանալ նոր մատուցման ձևեր գտնել: Նոր, ժամանակակից մոտեցումներով, արդիական ձևաչափով, իրականությանը մոտ, հետաքրքիր և յուրատիպ: Նույն ժողովրդական հեքիաթները մատուցել մուլտերի ձևով, օրինակ, նոր անիմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ»: Որպես դրական օրինակ, նա բերեց Փարաջանովի տուն-թանգարանը՝ անվանելով «հաջողված պրոյեկտ», քանի որ նրա մասին աշխարհը գիտի և մարդիկ հատուկ Հայաստան են գալիս թանգարան այցելելու: «Նա հայ է, և եթե նման հայազգի մեծություններ կարողանաք ներկայացնել մշակույթի տարբեր ոլորտներում, անկասկած հաջողություններ կարձանագրեք: Սա էլ իր հերթին կարող է բերել տնտեսական աճ, նոր աշխատատեղեր, եկամուտ»: Վլադիմիր Վորոբեյին հետաքրքրում է նախարարության հայեցակարգային քաղաքականությունը: Նա հիմա պայմանագիր ունի Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ: Վերանայում են նախարարության գործառույթները: «Դուք ասում եք, որ ձեր մշակույթի նախարարությունը որդեգրել է նման քաղաքականություն: Ասեմ, որ նախարարի գաղափարները կարող են հիասքանչ լինել, բայց դրանց իրականացման ձևերը, ուղիները, դրանք պետական հայեցակարգերի վերածելը, իրականացվող ծրագրերի վերածելն այլ բան է: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ հետազոտություններ են անում, որ մշակույթը դառնա սպառող: Ընդ որում, սա միայն ֆինանսական կողմը չէ: Գովազդել, լուսաբանել, մարդկանց համար հասանելի դարձնել այն դահլիճներն ու տարածքները, որ առաջ հասանելի էին, միայն ավանդական մշակույթին»: Վորոբեյի խոսքով, հիմնականում նախարարությունները օգնում են իրականացնել որոշակի ծրագրեր՝ կապված ավանդական մշակույթի գործիչների և կոլեկտիվների հետ, սակայն ժամանակակից լսարանները այսօր հետաքրքրված են արդի արվեստով: Ալտերնատիվ փառատոններ, համերգներ և ցուցահանդեսներ են պետք կազմակերպել, ոչ ստանդարտ, դասական ձևաչափի մեջ: « Չնայած ուկրաինացի եմ, սակայն անկախ եմ գնահատում: Եթե անկեղծ լինեմ, Ուկրաինայում մշակույթի և ստեղծարարության երիտասարդ ալիքը շատ ավելի է զարգացած, քան Հայաստանում և Բելառուսում: Հայաստանում, անկախ մշակութային ոլորտը դեռևս լրացուցիչ օժանդակության, փորձառության և կարողության զարգացման կարիք ունի»,- վստահ է փորձագետը: Սակայն Հայաստանում նա դրական է գնահատում այն, որ մասնավոր, բարեգործական և կառավարական համայնքային մշակութային կենտրոնների կողմից ավելի մեծ է օժանդակությունը: «Այս կողմից ավելի ուժեղ դիրքերում եք, քան Ուկրաինան», - ընդգծում է Վորոբեյը: Միջազգային փորձագետը կարևորում է անկախ կառավարիչների, բիզնեսով զբաղվող անհատների համար կազմակերպվող դասընթացները: Նա համոզված է, որ դասընթացները արհեստավարժեցնում են: Զարգացնել ոլորտը՝ նշանակում է նոր աշխատատեղեր, եկամուտներ, արտահանումներ: Այսինքն՝ պետք է կարողանալ սպառել մշակութային պրոդուկտը. « Ակնհայտ է, որ զգալիորեն ավելացել են կառավարման, մենեջմենթի հմտությունները ձեր երկրում, չնայած անելիք շատ կա այդ ուղղությամբ»: «Բաց եղեք նորարարության հանդեպ,- եզրափակեց միջազգային փորձագետ Վլադիմիր Վորոբեյը։- Եղեք արդի մշակույթի սպառողը: Սա է ստեղծարար բիզնեսի հաջողության գրավականը»: