Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը (տեսանյութ)
ՀՀԿ նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ կուսակցությունը Սերժ Սարգսյանի առաջարկով որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը, երկրորդը՝ միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը , երրորդը՝ հովիկ Մուսայելյանը: «Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակի այն բարեփոխումները, որ նախաձեռնել է տարիներ առաջ»,- նշեց Շարմազանովը։ Ցուցակում ավելի քան հարյուր հոգի է ընդգրկվել, նշեց ՀՀԿ մամլո խոսնակը, հավելելով, որ նոր ցուցակում փոփոխություններ չկան, թեև նոր մարդիկ կլինեն հատկապես սպորտի և մշակույթի և գիտության ոլորտից: «Մենք գնում ենք շարունակական ճանապարհով և պատրաստ ենք ազատ ու արդար մրցապայքարի»: Այն հարցին, թե որ ուժի հետ է ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու, Շարմազանովը նշեց, որ այդ մասին դեռևս քննարկում չի եղել. «Հաշվի ենք առել մեկ հանգամանք, քանի դեռ ԿԸՀ-ն վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել ընտրությունների վերջնական արդյունքները, մենք կոռեկտ չենք համարում խոսել այդ մասին»: