A
A
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել է ԿԸՀ՝ Ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
Կոնգրես - ՀԺԿ դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Այդ օրինախախտումները ներառում են.
- Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։
- Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի եւ նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը:
- Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով եւ կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը: Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումները եւ անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցությամբ ոստիկանության անգործությունը:
- Քվեարկության գաղտնիության համատարած խախտումը, ներառյալ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում գունավոր գրիչների, գունավոր եւ համարակալած թղթիկների կիրառման միջոցով: Ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրույն քվեարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրույթի չարաշահումը:
- Քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչնդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը` քվեարկության օրվա 7.00-ից 13.00-ը ընկած ժամանակահատվածում, ինչը համընկավ ընտրողների ակնհայտորեն կազմակերպված գերակտիվ հոսքի հետ:
- Կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքերը։
- Բռնության եւ ահաբեկման դեպքերը լրագրողների, վստահված անձանց եւ դիտորդների նկատմամբ: