Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելքը» եւ «Երկիր ծիրանին» կլեգիտիմացնեն ավագանու ընտրությունները»

Քաղաքականություն
med

Երեւանի ավագանու ընտրությունները սովորաբար հաջորդում են նախագահական ընտրություններին, երբ իրավիճակը բավական լարված է եղել եւ հասարակության մեջ կուտակված էներգիա է եղել։ Երեւանի ընտրությունը կատարել է այդ կուտակված էներգիան լիցքաթափող, չեզոքացնող դեր։ Հիմա նման էներգիա կուտակված չէ, հետեւաբար լարվածությունը թոթափելու խնդիր չկա։ Հետեւաբար, չկա նաեւ Ծառուկյան դաշինքի մասնակցության անհրաժեշտությունը, որը սովորաբար անվտանգության բուֆերի դեր է կատարել իշխանության համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը` ընդգծելով, որ քանի որ հիմա չկա դժգոհ ընտրազանգված, հետեւաբար «Ծառուկյան» դաշինքի համար չկա մասնակցության եւ որեւէ ֆինանսական ծախսի անհրաժեշտություն։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքերով,  ՀՅԴ-ն ձայների մեծամասնությունը ստացել է մարզերում։ «Իր ստացած ձայների միայն 20 տոկոսն է այս կուսակցությունը ստացել Երեւանում, հետեւաբար Երեւանի ավագանու ընտրություններին նրա մասնակցությունը անիմաստ էր դառնում»։ Անդրադառնալով «Ելքի» մասնակցությանը՝ նա նշեց, որ այս դաշինքը իր ձայների 65- 70 տոկոսը հավաքել  է Երեւանում եւ Կոտայքում, հետեւաբար բնական է, որ այս դաշինքը պետք է մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին։ Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանիին», ապա այս կուսակցությունը, մասնակցելով այս ընտրություններին, հայտ է ներկայացնում։ Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ «Ելքը» եւ «Երկիր ծիրանին» իրենց մասնակցությամբ ուզեն թե չուզեն կլեգիտիմացնեն ավագանու ընտրությունները։ «Իհարկե, դա չի նշանակում, որ եթե այդ երկուսը չլինեին՝ չէր լինի ավագանու ընտրություններ։ ՀՀԿ-ն կարող էր գրանցված որեւէ այլ կուսակցության բերել ընտրություններին։ Հիմա մյուսները կքաղաքականացնեն թե չեն քաղաքականացնի այս ընտրությունները, արդեն էական չէ, նրանք միեւնույն է նրանք չեն ստանալու հնարավորություն ունենալու մեծամասնություն»։ Նա նշեց, որ այս երկու կուսակցություններն էլ ներկայացված կլինեն ավագանիում, քանի որ ըստ օրենսդրության Երեւանի ավագանիում պետք է ներկայացված լինեն նվազագույնը 3 կուսակցություն։ «Նրանք կփորձեն հարցեր բարձրացնել, ասենք՝ մանկապարտեզների պատուհանները լավ չեն մաքրված, նման հարցերում քաղաքապետը կգնա զիջման, սակայն կարեւորագույն հարցերում զիջման չի գնա։ Հետեւաբար, իրենք կձեւացնեն, որ աշխատում են, սակայն իրականում ոչինչ չի փոխվի»։