Հեղափոխական գործընթացները մեր երկրում գրեթե պետք է բացառվեն. Լ. Սարգսյան (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը չի լինի ոչ նոր ԱԺ-ում, ոչ էլ Երեւանի ավագանիում: Նա ավագանու ընտրություններին նախատեսում էր մասնակցել Ծառուկյան դաշինքի հետ, բայց վերջինս չմտավ ընտրապայքարի մեջ։ «Իրենք դեռ որոշում չունեին, ակնկալվում էր, որ որոշումը դրական կլինի, դրա համար էլ առաջարկվեց փաստաթղթերի հավաքագրում, սակայն վերջին օրը հայտարարվեց, որ չեն մասնակցելու: Այդ դեպքում ես այլ քայլեր անելու հնարավորություն չունեի եւ այդպես է ստացվել, լինում է, սարսափելի բան չկա»,- ասում է ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: «Ծառուկյան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին իր չմասնակցելը պատճառաբանել էր նրանով, որ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո, կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես Ելքի հետ համագործակցության իմաստ չկար, անգամ բանակցելու փորձ չի եղել, քանի, որ իրենք տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումներ ունեն. «Ես իրատես եմ ու շատ լավ հասկանում եմ, որ Ելքում հավաքվելու էին Արեւմտամետ քաղաքական ուժերը, մեր կուսակցության քաղաքական ուղղվածությունը լրիվ այլ է»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը։ Նրա ղեկավարած ՎՍԴՀԿ-ի անդամները ազատ կլինեն իրենց ընտրության հարցում, մի մասը կքվեարկի Զարուհի Փոստանջյանի, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, ով՝ ում նկատմամբ համակրանք կունենա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությանը, ապա այս պահին որեւէ եզրեր նա չի տեսնում, թեեւ կարծում է, որ քաղաքականության մեջ հավերժ թշնամանք գոյություն չունի: Լյուդմիլա Սարգսյանը անդրադառնում է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշմանը։ «Պետք է հարգանքով վերաբերել այն համարձակությանը, որ դրսեւորեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ շատ լավ գիտակցելով, որ միգուցե դրա արդյունքում իր կողմից ղեկավարվող կուսակցությունը չհայտնվի ԱԺ-ում: Հետեւաբար, դա ես քաջություն եմ համարում, ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեւիցե քաջության պակաս չի ունեցել»: Տիկին Սարգսյանը նորմալ է համարում, որ այս անգամ հետընտրական որեւէ գործընթաց տեղի չունեցավ, քանի որ ընտրատեղամասերում տեսանելի խախտումներ չեն եղել. «Մենք զգում ենք՝ որ շրջանում մենք կարող ենք ժողովրդին հրապարակ բերել ու ակտիվ ընդվզում ապահովել: Այս էտապում, կարծես թե, ժողովուրդը պատրաստ չէր, քաղաքական ուժերն էլ: Հեղափոխական գործընթացները մեր երկրում գրեթե պետք է բացառվեն: Ես կարծում եմ, որ դրա ռեսուրսն ու հնարավորությունը, ըստ էության, չունենք: Իմ հույսը դրել եմ էվոլյուցիոն զարգացման վրա: Եւ, ինչու չէ, այո, ճնշումների միջոցով իշխանությանը պարտադրել, որ իշխանությունները ավելի շուտ գնան փոփոխությունների»,- ասում է նա: Լյուդմիլա Սարգսյանը կուզենար լինել նոր ԱԺ-ում, քանի որ դեռ շատ անելիքներ ուներ եւ մտադիր էր էլ ավելի պատրաստված հանդես գալ. «Որպես անփորձ պատգամավոր՝ ես բավականին ասելիք եմ ունեցել: Փորձել եմ իմ տեսակը տեսանելի դարձնել: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Ազատության հրապարակի հարթակը կարելի է համեմատել ԱԺ ամբիոնի հետ, ես միանշանակ ասում եմ՝ այդպես չէ: Ես շատ-շատ լուրջ եմ վերաբերել այդ ամբիոնին, եւ միգուցե դրանով նաեւ թերացել եմ իմ աշխատանքի մեջ»: Հիշեցնենք, որ ՎՍԴՀԿ ղեկավարը ԱԺ ընտրություններին պատրաստվում էր մասնակցել Ծառուկյան դաշինքի հետ, սակայն Գագիկ Ծառուկյանը նպատակահարմար չհամարեց՝ հաշվի առնելով այս կուսակցության երկու թեւերում առկա հակասությունները։