Ինչն է ստիպել Նոր Գյուղի բնակիչներին լծվել սահնակներին (տեսանյութ)
Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ Սեդա Զաքարյանի առօրյայի մեծ մասը ջուր կրելով է անցում։ Դա արդեն ամիսներ է տևում. «Նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ ու ապրիլն ա մտել արդեն, ես ջուր չունեմ, հարևանի դռնից եմ գնացել ջուր բերել, յոլա գնացել»,- պատմում է նա։ Մի քանի հիվանդություններ ունեցող տարեց կինը ստիպված է եղել նաև նկուղը փրկել ջրհեղեղից։ «Սաղ ջուրն եկել ա, իմ տունը լցվել, ջրի մեջ խեղդվում ենք, էնա գյոլը...»,- պատմում է Սեդա Զաքարյանը։ Բանն այն է, որ Նոր Գյուղի 8-րդ փողոցին հարակից տներին ջուր հասցնող ջրատար խողովակը ձմռան սառել է ու պայթել։ Բնակիչներից Գայանե Հարությունյանն ասում է. «13 բնակիչ հինգ ամիս զրկված ենք ջրից։ Սկզբից մտածեցինք հա սառած ա կհալվի, հիմա էլ հալվել ա, կտրեցին թափեցին գնացին։ Իսկ հիմա, երբ գարուն է, ու օրերը տաքացել են, սառույցը հետ է գալիս՝ ողողելով բնակիչների տարածքները։ Ջուրը Միայն տիկին Սեդայի բնակարանը չէ, որ ներխուժել է։ Ձմռանն իրենց վիճակը նկարագրելիս Նոր Գյուղի այս թաղամասի բնակիչները հատուկ բառապաշար են օգտագործում։ «Տղամարդիկ ձիու նման լծված սանկաներով մի բակ դնում էին, տուն առ տուն վեդրո-վեդրո ջուր էին բաժանում»։ Սեփական միջոցներով խողովակ են գնել, դիմել են ջրամատակարար Վեոլիա ընկերությանը՝ փոխելու համար, բայց պատասխանում են, թե գյուղի խողովակներն իրենց հաշվեկշռում չէ։ Գյուղացիներից Վարդան Թադևոսյանն ասում է. «Ջրային տնեսության գործն ա, իրենք ամիս- ամիս գալիս են փողերը հավաքում գնում են, էդ ո՞նց ա, եթե իրենցը չի, խի՞ են գումար հավաքում»։ Գյուղացիները բողոքում են՝ հինգ ամիս է ջուր չունեն, բայց իրենց հաշիվներին պարտք է ավելանում։ Քյարամ Ազադյանը պատմեց. «Ամբողջ ձմեռ հաշվիչը չի աշխատել, եկել են 30-40 հազարով փող են գրել, թողել գնացել։ Չենք օգտագործել, բայց էդքան փողը որտեղից ա եկել»։ Հասկանալու համար, թե ի վերջո «Վեոլիա» ընկերությունը պատրասվո՞ւմ է օգնել Նոր Գյուղի բնակիչներին, վերջիններս ևս մեկ անգամ ընկերության Աբովյան տեղամաս ներկայացան։ Տեղամասի ղեկավար Սիրակ Մեսրոպյանը բնակիչներին պարզաբանեց՝ իրենք գյուղացիների խնդրով չեն զբաղվել, քանի որ գյուղի խողովակները ընկերության հաշվեկշռում չեն։ Այնուամենայնիվ, այժմ որոշել են բարեխղճություն դրսևորել։ «Մենք մեր ղեկավարությանը դիմել ենք, որ մարդիկ խողովակներ ունեն, մեր գործը չի, բայց օգնության կարգով խողովակները փոխենք, որ մարդիկ ջուր ունենան»,- պարզաբանեց Սիրակ Մեսրոպյանը։ Նկարահանումից ժամեր անց Նորգյուղցիները 8-րդ փողոցում հողի փորման աշխատանքներ կատարող տրակտոր են տեսել։ Սա նրանց մոտ հույս է արթնացրել, որ կարող է՝ նորից ջուր ունենան։