Երբ արգենտինացիները գինի են խմում (տեսանյութ)
Երբ արգենտինացիները գինի են խմում, զրույցն ավարտվում է քաղաքականության կամ ֆուտբոլի մասին խոսակցությամբ, իսկ նման խոսակցության վերջն անպայման վիճաբանությունն է լինում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Նա նշեց, որ Արգենտինան համաշխարհային գինու արտադրության եւ սպառման ոլորտում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը եւ առհասարակ գինին կարեւոր նշանակություն ունի Արգենտինայի մշակույթում։ Արգենտինական գինին հայ սպառողին ներկայացնելու համար կազմակերպում է «Արգենտինական գինու շաբաթ», որի շրջանակներում ապրիլի 17-23-ը կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Երեւանի լավագույն ռեստորաններում արգենտինական ուտեստների եւ խմիչքների հատուկ ճաշացանկ կլինի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ թեեւ միջոցառումներին մասնակցելու համար Արգենտինայից զբոսաշրջիկներ չեն հայտագրվել, սակայն Հայաստանի ու Արգենտինայի միջեւ գործում է ոչ վիզային ռեժիմ, ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ Արգենտինայից Հայաստան զբոսաշրջիկների աճի համար։