Լռիր եւ փորձիր հաճույք ստանալ. Հրանուշ Խառատյան (տեսանյութ)
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ հետընտրական պրոցեսը մեծ հիասթափություն է, եւ մեր հասարակությունը զզվել է այս ամբողջից: Նրա խոսքերով՝ մենք ունենք երկու հասարակություն՝ մեկը շատ ագրեսիվ է, մյուսն այլեւս չի դիմադրում: «Ճիշտ նրա նման է, որ ասում են, եթե քեզ բռնաբարում են, լռիր եւ փորձիր հաճույք ստանալ դրանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազգագրագետը: Քաղաքագետ Ազատ Արշակյանի խոսքերով էլ Հայաստանը ճորտացված գավառ է. ընտրությունների արդյունքները դա ցույց տվեցին: Ջրառատի կրակոցները եւ «ՍԱՍ»-ի ժողովը որպես օրինակ բերելով՝ Ազատ Արշակյանը նշեց, որ հասարակությունը ճորտացված, ազատազրկված եւ իրավազրկված է. «Ավարտվեց ազատությունը, տիրոջ ու ծառաների հարաբերություններն էին «ՍԱՍ»-ի ժողովում»: Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին որոշ ուժերի չմասնակցելուն: «Հայկական վերածնունդը դեռ իր վերքերն է լիզում, «Ծառուկյան» թիմն այս պահին արդեն պայմանավորվել է ԱԺ-ում իր հնարավորությունների մասին , ՀԱԿ-ը մի գերխնդիր ունի եւ դա քաղաքային խորհրդում չի լուծվում»,- ասաց ազգագրագետը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նա իշխող ուժ է, «Ելք»-ը ընդդիմադիր հաղթած կուսակցությունն է, իսկ Զարուհի Փոստանջյանը քաղաքում սիրված կերպար է: Ազատ Արշակյանը, սակայն, դիտարկում ունի՝ «Ելք»-ը մի պրոյեկտ է, որը թափանցիկ չէ, եւ Ծառուկյան դաշինքն ավելի թափանցիկ է, քան «Ելք»-ը: