Անկարան իր առագաստն ուղղում է «ալեկոծված ծով». փորձագետներ (տեսանյութ)
«Մեդիա կենտրոն», Երևան, ապրիլի 18: Հանրաքվեի միջոցով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ հաստատող սահմանադրական փոփոխություների ընդունման արդյունքում կտրուկ աճելու է Ռեջեփ Էրդողանի ղեկավարած երկրի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հարթություններում: Ապրիլի 16-ին անցկացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Թուրքիան անցում կատարեց նախագահական կառավարման համակարգին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այս նախաձեռնությանը կողմ քվեարկեց հանրաքվեի մասնակիցների 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Վերացվում է վարչապետի ինստիտուտը եւ նախագահն է դառնալու կառավարության փաստացի ղեկավար: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտն է հանվել, իսկ Էրդողանն ինքը մինչեւ 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենում: «Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բևեռացված է: Հասարկության մոտ կեսը, որոնք հիմնականում ապրում են մեգապոլիսներում, ծավափնյա զարգացած շրջաններում եւ քրդաբնակ հարտավածներում դեմ արդահայտվեց նախագահի լիազորությունների ընդարձակմանը: Կողմ արտահայտվեց Թուրքիայի գավառական հարվածը, փոքր քաղաքների ու համայնքների բնակիչները, որոնց շրջանում բավականին հստակ արտահայտված են կրոնական ու ազգայնական տրամադրությունները», - նշում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ ակնարկելով, որ հանրաքվեն թուրքական գավառի հաղթակակն էր մեգապոլիսների նկատմամբ: Միեւնույն ժամանակ, երբ Թուրքիայի ներսում Էրդողանի վարած քաղաքականության ադյունքնում ուժեղանում է ազգայնական ու կրոնական տրամադրություններ, այլ կերպ ասած ազգայնականությունն ու Իսլամը դառնում են լուրջ քաղաքական գործոն: «Սա ուղղակիորեն չի կարող չազդել այդ երկրի արտաքին քաղաքականության վրա: Թուրքիան դառնում է ավելի անկանխատեսելի եւ ներքին խնդիրներից մարդկանց շեղելու ու հասարակությանը կոնսոլիդացնելու համար, Էրդողանը կարող է ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել՝ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ», - նշում է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Մեդիա կենտրոնում» ապրիլի 18-ին Լևոն Հովսեփյանի, Ստամբուլից տեսազանգի միջոցով միացած Բագրատ Էստուկյանի եւ Անկարայից տեսազանգի միջոցով միացած Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժինի հետազոտող-փորձագետ Դիանա Յայլոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ինչպիսի՞ ներքին եւ արտաքին քաղաքական հետեւանքներ կունենան Թուրքիայի հանրաքվեի արդյունքները» թեմայով քննարկում: Էստուկյանի խոսքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, պատկերավոր ասած, իր առագաստն ուղղում է դեպի ալեկոծ ծով։ «Ավելին, եթե Թուրքիայում հետագա եվրաինտեգրման վերաբերյալ հանրաքվե անցկացվի, հասարակությունը «ոչ» կասի՝ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով», - ասաց նա՝ հավելելով սակայն, որ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ չնայած առկա սուր հռետորաբանությանը հեշտ «ապահարզան» չի ստացվի, քանի որ թուրքական տնտեսությունը կապված է ԵՄ-ի հետ։ Բագրատ Էստուկյանը կարծում է, որ այսօր առավել քան երբեք վտանգված են Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները: Եվրախորհրդարանն անգամ որոշում ընդունեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցման վերաբերյալ: «Այժմ այդ համակարգը վտանգի մեջ է, ներդրողներն առավել զգուշավոր են դարձել, ներդրումների հոսքը մարել է, իսկ զբոսաշրջությունն ամենալավ ժամանակներում չէ։ Առավել եւս, որ հանրաքվեի արդյունքում Էրդողանի իշխանությունը կրկնապատկվել է», - նշել է Էստուկյանը։ Անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ բոլոր փաստարկները խոսում են դրա կոշտացման եւ առավել ագրեսիվ դառնալու օգտին: «Անկարայի արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված է ներքին քաղաքականության տրամաբանությամբ եւ շահերով: Ուստի երբ այնտեղ տեղի է ունենում քաղաքական իսլամի եւ ազգայնականության ամրապնդում, ապա սա ուղղակի չի կարող չազդել վերջինիս տարածաշրջանային քաղաքականության վրա», - ասաց նա՝ այս համատեքստում հավելելով, որ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կշարունակվի, եւ հիմքեր չկան խոսելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարների մասին: Բագրատ Էստուկյանը նշում է. Հայաստանի համար ավելի լավ է Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը: «Առաջին անգամ կարծում եմ, որ դա ավելի դրական է: Իհարկե, Հայաստանի անկախացման պահից ի վեր ավելի լավ կլիներ, որ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ լինեին: Բայց քանի որ բարիդրացիական չեն, ավելի լավ է ոչ մի հարաբերություն էլ չլինի: Հայ-թուրքական հարաբերությունները Դիանա Յայլոյանը դիտարկեց ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում: Նրա խոսքից պարզ է դառնում, որ Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականությունում ուղղակի չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը եւ միանշանակ չի կարելի պնդել, որ Անկարան կվարի ագրեսիվ քաղաքկանություն Հայաստանի նկատմամբ: «Ռուսաստանը մեծ ամբիցիաներ ունի եւ լայն տնտեսական շահեր Թուրքիայում: Ռուս-թուրքական հարբերությունների բարելավման համատեքստում չեմ բացառում, որ անգամ այս պայմաններում կարգավորման միտումներ նկատվեն հայ-թուրքական հարաբերություններում: Պատահական չէր, որ վերջերս Լավրովն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ Ռուսաստանը պատրատ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սա տեղի ունեցավ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին», - եզրափակեց Յայլոյանը: Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր