ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը հայտարարություն է արել՝ մտահոգություններ ներկայացնելով
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անթույլատրելի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։
2026 թվականի մայիսի 11-12-ը Երևան կատարած երկօրյա այցից հետո հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը ։
Ըստ ԵԽ հաղորդագրության՝ Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթի առնչությամբ։
«Պատվիրակությունը տեղեկացվել է, որ արտաքին միջամտությունը դուրս է եկել ավանդական ապատեղեկատվության սահմաններից և այժմ ներառում է անօրինական քաղաքական ֆինանսավորում, կիբեռհարձակումներ, տնտեսական ճնշումներ և ընտրական գործընթացը մանիպուլացնելու ուղղակի փորձեր։ Այս հիբրիդային մարտավարությունները նպատակ ունեն ոչ միայն ազդել հանրային կարծիքի վրա, այլև ապահովել Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ աշխարհաքաղաքական լծակներ։
Պատվիրակությանը տեղեկություններ են ներկայացվել Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետին ուղղված ուղիղ և բացահայտ խնդրանքների մասին՝ աջակցելու Ռուսաստանում բնակվող հայկական սփյուռքի քվեարկությանը, ինչպես նաև հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից տվյալ սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստան գալու և ընտրության օրը քվեարկելու համար ֆինանսական խրախուսումների առաջարկների վերաբերյալ։
Պատվիրակությունն ընդգծել է, որ նման միջամտությունը շարունակական և փոփոխվող սպառնալիք է, որը տարածվում է ընտրական շրջանից շատ ավելի լայն ժամանակահատվածի վրա։
Պատվիրակությունը նաև նշել է, որ որոշ արևմտյան գործընկերներ հրապարակայնորեն աջակցություն են հայտնել իշխող կուսակցությանը։
Պատվիրակությունը ողջունում է Հայաստանի իրավական և կարգավորող շրջանակը՝ անթույլատրելի ազդեցությանը հակազդելու համար։ Սակայն առկա մեխանիզմները կարող են ամրապնդվել՝ քողարկված, համակարգված և անդրսահմանային սպառնալիքներին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով։ Պատվիրակության կարծիքով՝ հրատապ անհրաժեշտություն կա ուժեղացնելու ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավելու գերատեսչությունների միջև համագործակցությունը և բարձրացնելու քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը։
Անդրադառնալով նախընտրական ընդհանուր միջավայրին՝ պատվիրակությունը նաև մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ ուղղված ապատեղեկատվության ուժեղացման վերաբերյալ։ «Օտարերկրյա գործակալ» լինելու մեղադրանքների նման նարատիվները վտանգում են հանրային վստահությունը և սահմանափակում քաղաքացիական տարածքը։ Պատվիրակությունը տեղեկացվել է համակարգված ոչ իսկական գործունեության և սոցիալական ցանցերում մանիպուլյատիվ բովանդակության մասին և հույս է հայտնել, որ տեխնոլոգիական ընկերությունները ավելի վճռական քայլեր կձեռնարկեն նման արշավների դեմ։
Պատվիրակությունը մտահոգված է նաև աճող իրավական ճնշումներով, ներառյալ հանրային իրազեկման դեմ ռազմավարական հայցերը (SLAPP), որոնք թիրախավորում են քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին և ընտրությունների դիտորդներին։ Այս գործելակերպերը կարող են սահմանափակել խոսքի ազատությունը և զսպել ժողովրդավարական մասնակցությունը։ Պատվիրակությունն ընդգծել է, որ կենսունակ և անկախ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ընտրությունների կարևոր բաղադրիչ է և պետք է պաշտպանված լինի ճնշումներից։
Մտահոգիչ այլ հարցերի թվում են քաղաքական բևեռացման աճը, պետական հաստատությունների նկատմամբ հանրային ցածր վստահությունը և քաղաքականության նկատմամբ ընդհանուր հետաքրքրության պակասը, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։ Պատվիրակությունը տեղեկություններ է ստացել կոշտ նախընտրական հռետորաբանության, վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումների, չկարգավորվող երրորդ կողմի քարոզչության և ձայների գնման (երբեմն բարեգործության անվան տակ) վերաբերյալ։
Պատվիրակության ուշադրությանն է արժանացել նաև Հայ Առաքելական եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ։
Նախընտրական ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը շարունակում են մնալ առանցքային, հատկապես վերջին օրենսդրական փոփոխությունների ֆոնին, որոնք բարձրացրել են նվիրատվությունների սահմանաչափերը՝ առանց լիովին լուծելու վերահսկողության բացերը։
Պատվիրակությունն ընդգծել է, որ ընտրական ամբողջականության պաշտպանությունը պահանջում է ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համագործակցություն, ինչպես նաև թվային հարթակների պատասխանատու գործողություններ։ Այն ողջունել է Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի կառուցողական համագործակցությունը հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ ընդգծելով այս քվեարկության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական և աշխարհաքաղաքական զարգացման համար, հատկապես ընթացող խաղաղության ջանքերի և տարածաշրջանային փոփոխությունների պայմաններում։
Պատվիրակությունը լսել է նաև արդարադատության համակարգում երկակի չափանիշների վերաբերյալ պնդումներ․ ընդդիմության ներկայացուցիչները դժգոհել են քաղաքական գործիչների և հոգևորականների մեծ թվից, որոնք քննության տակ են կամ տնային կալանքի մեջ՝ դատական որոշումների արդյունքում »,-ասված է պատվիրակության հայտարարության մեջ։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահի, Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակության անդամների, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, արդարադատության փոխնախարարի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Տեղեկատվական համակարգերի գործակալության նախագահի և այլ ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի և տեղակալի, Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, ինչպես նաև ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունը գնահատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, մասնավորապես՝ Տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող վերապատրաստումները, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու կիբեռանվտանգությունը։
Ընտրությունների օրվանից առաջ մնացած կարճ ժամանակահատվածում ԵԽԽՎ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։ Այն խրախուսում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին շարունակել իրենց կարևոր դերը՝ ընտրությունների մոնիթորինգի, հաշվետվողականության և ժողովրդավարական չափանիշների խթանման գործում։
ԵԽԽՎ-ն կուղարկի ընտրությունների լիարժեք դիտորդական առաքելություն՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները դիտարկելու համար՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի դիտորդների հետ համատեղ։
Նշենք, որ պատվիրակության կազմում էին Դամիեն Կոտիեն (Շվեյցարիա, ALDE), պատվիրակության ղեկավար, Ռոբերտո Սպերանցան (Իտալիա, SOC), Գեորգիոս Ստամատիսը (Հունաստան, EPP/CD), Մալտե Կաուֆմանը (Գերմանիա, ECPA) և Լաուրա Կաստելը (Իսպանիա, UEL), ինչպես նաև Բորիանա Օբերգը (Շվեդիա, EPP/CD), Հայաստանի հարցով Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողը (ex officio)։