Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն ընդդիմության դիմումները մերժել է 8 անգամ. առջևում 9-րդն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
SD

1995-ին ձեւավորվելուց հետո Հայաստանի Սահմանադրական դատարանը նախագահի կամ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու ընդդիմության ոչ մի դիմում չի բավարարել: 1996-ին Սահմանադրական դատարան էին դիմել նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանը եւ Աշոտ Մանուչարյանը: Գագիկ Հարությունյանի նախագահած դատարանը լսել էր ԿԸՀ-ին, ուսումնասիրել ընդդիմության ներկայացրած փաստաթղթերը եւ որոշել, որ դրանց զգալի մասը ենթադրություններ են եւ տպավորություններ: Երկրորդ անգամ Սահմանադրական դատարանը ընդդիմության դիմումը մերժում է 2003-ի մարտի 24-ին: Հայցվորը նախագահի ընտրություններում առաջին փուլի թեկնածու Արտաշես Գեղամյանն էր, որը վիճարկում էր 2003-ի փետրվարի 19-ի ընտրությունների առաջին փուլը: Ընդամենը 20 օր հետո՝ ապրիլի 13-ին, բարձր դատարանը մերժում է երկրորդ փուլում Ռոբերտ Քոչարյանի միակ մրցակից Ստեփան Դեմիրճյանին: Դիմող կողմն ասում էր, որ քարոզչության ընթացքում խախտվել է հավասարաության սկզբունքը, բազմաթիվ պաշտոնյաներ աշխատել են Ռոբերտ Քոչարյանի օգտին, քվեարկության ընթացքում տեղի են ունեցել ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր, արձանագրվել են բաց քվեարկության, լցոնման եւ ընտրողների կամքի վրա բռնանալու բազմաթիվ դեպքեր: Այս ամենը ապացուցող փաստաթղթերն ընդդիմության դիմումին կից ներկայացրված էր 1617 էջի մեջ: Սահմանադրական դատարանը որոշում է, որ որոշ խախտումներ հարիր չեն ժողովրդավարական երկրին, որ իսկապես առկա են լցոնման բազմաթիվ դեպքեր, սակայն հաշվի առնելով, որ խախտումների ազդեցությունը ընտրական իրավունքի իրացման վրա մեծ չէ, Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու փաստը չի վիճարկվում: Փոխարենը Գագիկ Հարությունյանն Ազգային Ժողովին եւ նախագահ Քոչարյանին առաջարկում է մեկ տարվա ընթացքում անցկացնել Վստահության հանրաքվե հասարակության դիմակայությունը մեղմելու համար: Ոչ խորհրդարանը, ոչ էլ Քոչարյանը վստահության հանրաքվեի մասին լսել չեն ուզում եւ չեն էլ անցկացնում: Ընդդիմության հերթական դիմումը մերժելու Սահմանադրական դատարանի հաջորդ հնարավորությունն արդեն կապված էր Ազգային Ժողովի ընտրությունների հետ: «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված եւ ընտրված 14 պատգամավոր բարձր դատարանում վիճարկում էր Համամասնական ընտրակարգով 2003-ի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքները: Այս անգամ ընդդիմությունը խոսում է ընտրակաշառքից եւ քվեներ կորզելու նպատակով իշխանության թեկնածուների կողմից քաղաքացիներին մատուցված այլ ծառայություններից, առանձին ընտրատարածքներում քվեների ամփոփման փուլում հոսանքազրկվել են ընտրատեղամասերը, իրականացվել են լցոնումներ, առեւանգվել են քվեատուփերը, որոշ տեղամասերում հակասություններ կան վստահված անձանց եւ պաշտոնապես ներկայացված քվեարկության ամփոփիչ տվյալների միջեւ: Սահմանադրական դատարանը ընդդիմությանը վստահեցնում է՝ ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները բավարար հիմք չեն Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով արդյունքներն անվավեր ճանաչելու համար: 2007-ի հունիսի 10-ին Սահմանադրական դատարանը մերժում է «Իմպիչմենտ» դաշինքի եւ երեք ընդդիմադիր կուսակցությունների դիմումը նույն տարվա մայիսի 12-ի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին: Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը որոշել էր, որ արձանագրված խախտումները էական ազդեցություն չէին ունեցել արդյունքների վրա: Ընդդիմության հայցի հաջորդ մերժումը Սահմանադրական դատարանը կայացնում է 2008-ի մարտի 1-ին իրականացված 10 սպանությունների եւ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ուժի մեջ մտած արտակարգ դրության պայմաններում: Նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր Պետրոսյանը եւ Տիգրան Կարապետյանը վիճարկում էին 2008-ի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը: Դիմումի մերժումը բացառիկ է նրանով, որ Սահմանադրական դատարանը իր որոշումը կայացնում է դիմումն ընդունելուց հետո շատ կարճ ժամանակում: Դիմումի ընդունման եւ կայացրած որոշման միջեւ ընկած է ընդամենը 10 օր: Բոլոր նախորդ դիմումների ընդունման եւ կայացրած որոշման միջեւ ընկած է նվազագույնը 22 օր: Այլ խախտումների թվում դիմումի մեջ նշված էր, որ քարոզարշավը հեռարձակող 8 հեռուստաալիքներ10 օր անընդմեջ Սերժ Սարգսյանին հիշատակել են դրական լույսի ներքո, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ բացասական: Դիմումում նշված էր նաեւ, որ Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամին գումարներ են մուծել պետական ձեռնարկությունները եւ մեկ արտասահմանյան ընկերություն հանձին Հայռուսգազարդի: 2012-ի մայիսի 30-ին ընդդիմությանն սպասվում էր հերթական տապալումը Սահմանադրական դատարանում: Դիմող կողմը Հայ Ազգային Կոնգրեսն էր, որի արձանագրած մի շարք խախտումներին բարձր դատարանը հակադրվում էր Վենետիկի հանձնաժողովի որոշումներով: Սահմանադրական դատարանն ընդդիմության հանդեպ ողորմած չեղավ նաեւ 2013-ի նախագահի ընտրությունների արդունքները վիճարկելու մասին ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի  դիմումի հանդեպ: Դատարանը պատասխանում է՝ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 120 դիմում է ներկայացվել եւ եթե անգամ 120 տեղամասում էլ արդյունքներն անվավեր ճանաչվեն, Սերժ Սարգսյանի տոկոսներն էականորեն չեն պակասի: Հետեւաբար՝ մերժել: Հիշեցնենք, որ համապետական ընտրություններին առընչվող ընդդիմության 8 դիմումները մերժող Սահմանադրական դատարանն ամբողջ ընթացքում ղեկավարել է Գագիկ Հարությունյանը: Հենց նրա ղեկավարությամբ էլ ապրիլի 25-ին բարձր դատարանը պետք է լսի Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը 2017-ի ապրի 2-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: