Տարոն Մարգարյանի կողմնակիցը դժգոհեց Փաշինյանի այցից (տեսանյութ)
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքի անդամները հստակեցնում են նախընտրական քարոզարշավի երթուղին: Իսկ Արաբկիրում Նիկոլ Փաշինյանին լսում են պատուհաններից. «Դուք հնարավորություն ունեք նոր թափ հաղորդելու դրական փոփոխությունների այն գործընթացին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին սկսվել է Ելք դաշինքի փոքր, բայց կարևոր արդյունքի արձանագրմամբ»։ Ելքի թեկնածուները քարոզում են նաեւ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ։ Քաղաքացիներից մեկը հենց նրան է ընտրելու։ Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի նկատմամբ առավել բարյացակամ են նարդի խաղացող տղամարդիկ։ Ազգային ժողովի ընտրությանը «Ելք» դաշինքին քվե տված տատիկները խոստանում են՝ Երևանի ավագանու ընտրություններում էլ նույն կերպ են քվեարկելու. «Զգում եմ, որ կարող ա իրոք փոփոխություն լինի, ես այդ կուսակցությանը հավատում եմ»։ «Ելք կա»,- բացականչում է Նիկոլ Փաշինյանը, բայց նրա ջերմագին ողջույնը տիկնոջը չի համոզում. «Ես ոչ մեկին չեմ հավատում, որովհետև ոչ մի բան դեպի լավը չեմ տեսնում»։ Նրա հարեւանուհին կողմնորոշված է։ Նա գործող քաղաքապետի կողմնակիցներից է. «Ինչի՞, որովհետև նա միայն աշխատանքային փորձ ունի, իսկ դա բավարար ա։ Էդքան հեշտ չէ այսօր Երևանում կառավարել»։ Տարոն Մարգարյանի՝ ավելի շատ փորձ ունենալու հանգամանքը Նիկոլ Փաշինյանը հակադարձում է. «Տարոն Մարգարյանը անարդյունավետ և խայտառակ կառավարման և կոռուպցիոն ռիսկերով զուգադրվող կառավարման մեծ փորձ ունի և ես, այո, կոռուպցիայի փորձ չունեմ։ Պետական պաշտոնյա լինելու արդյունքում մի քանի միլիոն դոլարի ունեցվածք չեմ վաստակել»։ Ավելին՝ պնդեց Փաշինյանը, ինքը Տարոն Մարգարյանի համեմատ բազմաթիվ առավելություններ ունի։ «Ամենապարզ առավելությունը, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, Երևանի գրեթե բոլոր բակերում եղել եմ, և եթե կա բակ, որ չեմ եղել, այս քարոզարշավին կլինեմ։ Այսինքն՝ Երևանը ինձ համար ոչ թե ծառայողական մեքենայի պատուհանից երևացող պատկեր է, այլ կոնկրետ հասցեներով բակեր»։ Իսկ եթե մայիսի 14-ին քաղաքացները ձայն տան Ելք դաշինքին, Նիկոլ Փաշինյանը խոստանում է Երևանը դարձնել միայն դրականով աչքի ընկնող քաղաք։