«Բրուտոս»-ի անվան նոր խմբակցություն՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Ազգային ժողովում «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների կողքին կլինի նաև Բրուտոսի անվան դաշինք։ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատականը խիստ է «Ծառուկյան» դաշինքի դեմ ըմբոստացած պատգամավորության 12 թեկնածուներին։ Ազգային ժողովում երկրորդ քաղաքական ուժի տրոհումն, ըստ Ազատ Արշակյանի, իշխանության ձեռքի գործ է. «Եթե այդ ակցիան Ծառուկյանի խնդրանքով չի, ուրեմն դա դասալքություն է, դավաճանություն է, բրուտոսություն է։ Ընդհանրապես հիմա Հայաստանում մոդա է, բավականին լուրջ շարժում է բրուտոսականությունը»։ Ազատ Արշակյանը համոզված է՝ «Ծառուկյան» դաշինքից նեղացածները ստիպված են եղել դեմ դուրս գալ մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացնելու իրենց քաղաքական ուժի կայացրած որոշմանը։ Իշխանությունն է գործին խառնվել. «Ըստ երևույթին հաշվեհարդարի սպառնալիք է եղել ու նրանք դուրս եկան Ծառուկյան դաշինքից, որպեսզի հաշվեհարդար չլինի, որովհետև Ծառուկյան դաշինքը հիմա չափազանց ուժեղ է»։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն առավել հավանական է համարում զարգացումը, երբ 8 հոգին կստանա մանդատ ու կլքի «Ծառուկյան» խմբակցությունը. «Նրանք կլինեն անկախ պատգամավորի կարգավիճակում։ Նոր Սահմանադրությամբ այս պատգամավորները չեն կարողանա նոր խմբակցություն ստեղծել, բայց հնարավոր կլինի անկախ պատգամավորի ստատուսով հանդես գալ»,- ասում է նա։ Հիշեցնենք, որ դեռ ԱԺ ընտրություններից առաջ ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարվեց, ըստ որի՝ պատգամավորը կարող է լքել խմբակցությունը և հանդես գալ որպես անկախ պատգամավոր՝ պահպանելով իրեն տրված բոլոր լիազորությունները։ Մինչ այդ փոփոխությունը, նա, թեև կարող էր լքել խմբակցությունը, բայց կգործեր որպես «կես պատգամավոր», քանի որ որոշ իրավունքներից զրկվում էր, օրինակ՝ չէր կարող ընդգրկվել որևէ հանձնաժողովի կազմում։