Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 10 օր առաջ. Արվեստագետները Գագիկ Բեգլարյանի մեջ տեսնում են Երեւանի հորը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի Երեւանի ավագանու ընտրություններից 10 օր առաջ Հանրապետականը հույս ունի, որ Երեւանի ավագանու ընտրությունների օրը երեւանցու համար դառնալու է տոն: Արվեստագետները Գագիկ Բեգլարյանի մեջ տեսնում են Երեւանի հորը: Քարոզարշավի այս օրը կրակոցներ են հնչում Երեւանի Խորենացու փողոցում ոսկու շուկայի մոտ: Ծանր վիրավորում է ստանում քաղաքացիներից մեկը: Կրակողի անձը եւ պատճառները դեռեւս պարզ չեն: Երեւանի Ազատության պողոտայում վարորդները հնարավորություն ունեն հանկարծակի հայտնված շատրվանից հենց ընթացքից անվճար լվանալ իրենց ավտոմեքենաները: Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ձեւակերպել Երեւանի ավագանիում մեծամասնություն դառնալու նպատակները, որոնք իրականացնելու է քաղաքապետ Հարություն Քուշկյանը։   Կենտրոն համայնքի նախկին բնակիչները կառավարությունից պահանջում են իջնել իրենց մոտ եւ պատասխան տալ Պետական կարիքների անվան տակ կորցրած բնակարանների համար: Ոստիկանությունն ամեն գնով ուզում է այս մարդկանց հեռու պահել կառավարության շենքից: Մարդիկ այստեղ են չմոռանալով, որ իրենց բնակարանների համար պատասխան պետք է տա նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը : «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդման հյուր, Բարգավաճ Հայաստանից Երեւանի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը 2013-ի ավագանու ընտրություններից 10 օր առաջ խոսում է քաղաքապետարանի անարդյունավետ կառավարման մասին՝ այնտեղ հատկապես գումարներ են մսխում: Նոր Նորքի դպրոցների ուսուցիչները դժգոհում են, որ իրենց տնօրենները ավագանու ընտրություններում հանրապետականի օգտին քվեարկողների ցուցակներ են ուզում: Տնօրենները եւ նրանց աշխատակիցները դա չեն էլ թաքցնում : Ուսուցիչները աշխատանքը կորցնելու վախից չեն ներկայանում, նրանց տնօրենը անկեղծ է հանրապետական ներկայացած լրագրողի հետ: Հայ Ազգային Կոնգրեսում համոզված են, որ ավագանու ընտրություններում Հանրապետականի հիմնական թիրախն իրենք են, հետապնդում են իրենց ակտիվիստներին, ծեծում են իրենց լրագրողին։ Տարոն Մարգարյանը հավատացնում է, որ գալիս է եւս 4 տարի ծառայելու երեւանցուն: Տարոն Մարգարյանն իր թիմը համարում է փորձառու եւ չի կասկածում, որ մայիսի 5-ին երեւանցին հենց այդ թիմի օգտին է քվեարկելու: Քարոզչական հոլովակներում շատերն են դա վստահեցնում : Նույն օրը Տարոն Մարգարյանը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ բացում է ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը: Քաղաքապետն ասում է, որ քաղաքի տեսքի համար այս տախտակը լավն է։ Երևանում բացվեց ինտերակտիվ շախմատային տախտակ: Նույն օրը տեղի է ունենում Հանրապետականի գործադիր մարմնի նիստ: Հիմնական թեման ավագանու ընտրություններն են, որոնց ժողովրդավարական ընթացքը շատ է կարեւորում կուսակցությունը: Նիստում սակայն թեմա չի դարձել նույն հանրապետականի հակաժողովրդավարական վարքը ընդդիմադիր լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ։