Երևանում ամեն 4-րդ ընտանիքը փլուզվում է. սոցիոլոգ (տեսանյութ)
Ընտանիքների գոյության խնդիրը լուրջ է դրված, քանի որ դրանք քայքայվում են։ Մարդկությունը դարավերջին կհասնի 11 միլիարդի՝ ի հաշիվ աղքատության։ «Երևանում ամեն 4-րդ ընտանիքը փլուզվում է։ Շատ տղամարդիկ գտնվում են դրսում, և տղաները դաստիարակության խնդիր են ունենում, չգիտեն՝ ինչպես դառնալ տղամարդ, հետագայում ընտանիքի հիմքը թուլանում է», -ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք նպաստ է ստանում 30000 դրամի չափով։ Նաև աղքատությունն է մարդկանց ստիպում երեխա ունենալու մասին չմտածել. «Մեր տնտեսությունը բավականին թույլ է։ Հայաստանի բանկերում կա 2 միլիարդ դոլար, ամեն շնչի հաշվով 1000 դոլար։ Սա նշանակում է, որ կա փող մեր երկրում, բայց համարյա չի աշխատում։ Մեր ընտանիքի պահպանման համար պետք է, որ տնտեսությունը սկսի արդյունավետորեն աշխատել»,- ասում է սոցիոլոգը։ Առաջ ընտանիքի առանցքը համարվում էր տղամարդը, հիմա տեղի է ունեցել դերային փոփոխություն. «Հայաստանի ընտանիքների 25%֊ի դեպքում ընտանիքի գլխին կինն է։ Տղամարդը մահանում է պատերազմի, ավտովթարի հետևանքով, տղամարդիկ թիրախավորված են, հիմնական արտագաղթողներն են, ինչը բերում է նրա դերի նվազեցման»,-֊ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանը։ Բաժանության պատճառ է դառնում այն, որ շատ քիչ դեպքերում է, որ նորաստեղծ ընտանիքը կարող է ինքնուրույն միջոցներով ապրել. «Երբ ֆինանսական աղբյուրը ծնողն է, նա սկսում է հրահանգներ տալ, և ընտանիքը բնականոն չի զարգանում։ Ո՞ր հայ ընտանիքը կարող է ասել, որ հայրը, մայրը, հորաքույրը, մորաքույրը չեն ազդում նորաստեղծ ընտանիքի վրա», ֊ասում է հոգեբանը։ Զույգերի բաժանումը լինում է նաև այն պատճառով, որ նրանք խուսափում են հոգեբանական ծառայություններից։ Այսօր ընտանիքների միջազգային օրն է։ Այն ՄԱԿ֊ի տոնական օրացույցում է հայտնվել 1994 թվականից։