Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈԹՈՐԻԿԸ ՔԱՆԴԵՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզեր

Եվրոպայում մոլեգնող «Կիրիլ» անվանումով փոթորիկը ոչ մի կերպ չէր կարող հասնել Հայաստան, փոխարենը` Գեղարքունիք մարզը ենթարկվեց մեկ այլ փոթորիկի «հարձակման»: Մինչեւ 20 մ/վ արագությամբ հյուսիս-արեւմտյան ուժեղ քամիների պատճառով մարզում եւ հատկապես Գավառ քաղաքում գրանցվեցին ավերածություններ:

Հունվարի 20-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով ավերվել են Գավառի 30-ից ավելի շենքերի ու շինությունների տանիքներ: Ամբողջությամբ վնասվել է Ազատության փողոցում գտնվող, Հայկական Հաբիթաթի աջակցությամբ կառուցված բազմաբնակարան շենքի տանիքը:

Գավառի քաղաքապետարանում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն արագ արձագանքում է բնակչության դիմումներին եւ համապատասխան այցելություններ է կազմակերպում, տեղում ճշտում վնասի չափսերը եւ կայացնում համապատասխան որոշումներ: Սակայն Գավառի քաղաքապետարանն այս հարցում ակնկալում է կառավարության աջակցությունը:

Խնդիրն այն է, որ նույն հանձնաժողովը զբաղվում է նաեւ մեկ այլ արտակարգ պատահարի հետեւանքների ճշտմամբ եւ փոխհատուցմամբ: Գավառի քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովը շարունակում է ընդունել դիմումներ` հունվարի 12-ին գրանցված երկրաշարժից տուժած բնակիչներից: Համաձայն նրանց դիմումների երկրաշարժից տուժել են տներ, անասնագոմեր եւ օժանդակ այլ շինություններ: Այսօրվա դրությամբ դիմումների թիվն անցնում է 1600-ը:

ՔԱՄԻՆԵՐԸ ՀՈՍԱՆՔԱԶՐԿԵԼ ԵՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ

ՈՒժեղ քամիների հետեւանքով տուժել են Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր համայնքների բազմաթիվ բնակելի տներ: Քամու ուժգնությանը չեն դիմացել հատկապես նորակառույց շենքերի պատերը: Հունվարի 20-ին ուժեղ քամին պոկել է տասնյակ տների եւ սպասարկման օբյեկտների տանիքներ: Արդյունքում վերը նշված համայնքները մեկ ու կես օր զրկված էին էներգամատակարարումից:

Աղետի պատճած վնասների չափերը ճշտելու համար Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Բացի դա աղետից տուժածներին օգնություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Գեղարքունիքի փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանի խոսքերով, վնասների չափերը ճշտելուց հետո կներկայացվի կառավարություն` վնասները որոշ չափով փոփհատուցելու նպատակով:

Քամիները շարունակվում են` հետեւաբար նոր աղետի պոտենցիալ վտանգը դեռեւս կա:

Սյոմա Մարկոսյան

«Զանգակ» ՀԸ