Մանկապարտեզ ընդունվելն ավելի բարդ է, քան ԵՊՀ (տեսանյութ)
Դպրոցների օպտիմալացումը պետք է լինի մեծ ծրագրի մի մաս, միայն դպրոցները միացնելով ու այլ փոփոխություններ չանելով օպտիմալացումը արդյունավետ չի լինի. կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը. «Ես կողմ եմ օպտիմալացմանը, քանի որ Հայաստանը չի կարող իրեն շատ շռայլություններ թույլ տալ, և պետք է նվազագույն միջոցներով հասնի լավ արդյունքի։ Բայց դա պետք է ամբողջական լինի։ Ընդհանուր կրթական համակարգը պետք է խոշորացույցով նայենք և տեսնենք, թե ինչպես պետք է անել օպտիմալացում: Մենք Հայաստանում անընդհատ դրվագային, ֆրագմենտալ բարեփոխումներ ենք անում»,-ասաց նա: Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ օպտիմալացումը չպետք է դիտվի որպես բիզնես մտածողության արդյունք՝ փող խնայելու համար։ Կրթության փորձագետը հիշեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ 2040 թվականին պետք է Հայաստանի բնակիչների թիվը հասնի չորս միլիոնի ու հավելեց՝ եթե այդպիսի ռազմավարություն կա, ապա ինչու են դպրոցները փակում. «Օրինակ մանկապարտեզները նախկինում փակեցին, իսկ երբ դրանք դարձան անվճար, բոլորը սկսեցին երեխաներին տանել այնտեղ, հիմա էլ տեղ չկա, պայմաններ չկան, երեխային մանկապարտեզ ընդունելն ավելի դժվար է դարձել, քանի Երևանի պետական համալսարան»։ Սերոբ Խաչատրյանին անհանգստացնում է գյուղական դպրոցների խնդիրը, այստեղ խնդիրն, ըստ նրա, շատ ավելի լուրջ է և օպտիմալացման արդյունքում խնայված գումարները հենց այնտեղ պետք է ուղղվեն։