«Ծխողը երբեք չի դադարեցնի ծխել, իսկ երեխան սոված կմնա» (տեսանյութ)
Հոգեբան Սամվել Խուդոյանը ճիշտ որոշում է համարում հասարակական վայրերում ծխելու արգելքը: Նրա խոսքերով՝ միաժամանակ պետք է հետեւողական լինել արդյունքի հասնելու համար: Հոգեբանը, սակայն, նա համաձայն չէ տուգանքի չափի հետ: «Իհարկե ոչ այդպիսի ֆանտաստիկ գումարներ, 10 հազար դոլարի խոսակցություններ հայտնվեցին, երեւի թյուրիմացություն է: 10 հազար դրամը կարող է այդպիսի արգելք հանդիսանալ: Հիմնարկի ղեկավարը կարող է լրացուցիչ պարգեւավճարներից զրկել: Ծխելը թողնողներին կարող են ուղեգրեր տալ, պարգեւավճարներ տալ: Դրանք շատ կօգնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սամվել Խուդոյանը: Հոգեբանն առաջարկում է մեծացնել հակածխախոտային քարոզչությունը: Եւ այնպիսի պաստառներ փակցնել, որ մարդն իրեն նվաստացած զգա՝ օրինակ «Թքած ունեմ, որ վատ ազդեցություն կթողնեմ երեխայիս առողջությանը»: Հոգեբանը կողմ է, որ ծխախոտի գինը բարձրանա նույնիսկ 5 անգամ: Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ Արմեն Պողոսյանը, դեմ է թանկացմանը: «Ծխողը երբեք չի դադարեցնի ծխել, իսկ դրա հետեւանքով նրա երեխան սոված կմնա»,- ասաց նա: Ըստ Արմեն Պողոսյանի՝ քաղաքակիրթ աշխարհը փորձել է մշակել ծխախոտից հրաժարվելու լուծման համակարգ, լողավազանների ցանց, վազքուղիներ, սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ: