Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ես ոնց հասկանում եմ՝ դուք չեք կարդացել այս փաստաթուղթը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հունվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին: Ստորև ներկայացված են պատգամավորների հարցերին նախարար Միրզոյանի պատասխանները։

Հարց (Արթուր Հովհաննիսյան). Պարո՛ն նախարար, Եվրոպական միությունից հնչում են Հայաստանի Հանրապետության խաղաղությանն ուղղված քաղաքականությանն աջակցող հայտարարություններ։ Զուգահեռաբար, վերջերս Թուրքիայից էլ հնչեցին առնվազն Հայաստանի՝ խաղաղությանն ուղղված քաղաքականությունը դրականորեն ընդգծող հայտարարություններ: Այս հայտարարությունները Հայաստանի ներսում մեզ հայտնի շրջանակների կողմից, խորհրդարանում ներկայացված ընդդիմության և խորհրդարանից դուրս, մի շարք ուժերի կողմից ներկայացվում է որպես Հայաստանի ներքին կյանքին միջամտելու փորձ։ Այս առումով, ըստ էության, հանրությանը կրկին մանիպուլատիվ տեղեկատվություն է մատուցվում, և ես խնդրում եմ Ձեզ նախ մեկնաբանել այս հայտարարությունները և նաև պարզություն մտցնել, որպեսզի մեր հանրությունը վերջիվերջո չմանպուլացվի այս հայտարարություններով։ Շնորհակալ եմ:

Արարատ Միրզոյան․ Այո՛, ես նույնպես նկատել եմ, որ այդ հայտարարությունները մեկնաբանվել են այն կերպ, ինչ կերպ որ Դուք ներկայացրեցիք և միանշանակ կիսում եմ Ձեր գնահատականը։ Այդ մեկնաբանությունները մանիպուլյացիա են և որևէ այլ կերպ դրանք անվանել չի կարելի։ Ցավոք սրտի, այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական, հասարակական կյանքի առօրյայի մասը, և ես առնվազն կանխատեսել կարող եմ, որ առաջիկա հինգ-վեց ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը, եթե ոչ ավելի են աճելու։ 

Հիմա մասնավոր դեպքերի մասին: Գիտե՛ք, ճաշակի հարց է։ Իրականում Եվրոպական միության բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը, կարծում եմ, խնդրահարույց չէ որևէ կերպ, միայն ողջունել կարող ենք և շնորհակալություն հայտնել: Եվ ես սովորաբար չեմ ուզում մեկնաբանել որևէ երկրի արտաքին գործերի նախարարների դիրքորոշումները, քննարկել կարող եմ, մեկնաբանելը՝ չգիտեմ ինչքանով է տեղին. Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը: Եվ նաև ստացվում է, որ դա Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ, Թուրքիայի կողմից այդ գործընթացի ողջունելն է: Եթե կուզեք, նաև, չէ՞ որ ամեն ինչ չէ շատ ուղիղ ասվում, բաներ կան, որ այսպես փաթեթով կամ տողատակերով է ասվում, դա նաև խրախուսանք կամ կոչ է` ուղղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ՝ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել այդ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանը։ Այստեղ որևէ վատ բան կա՞։ Կարծում եմ, որ ո՛չ և երիցս ո՛չ:

Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել, բայց ուզում եմ նորից շեշտել՝ ճաշակի հարց է։ Այսինքն` հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների կամ խմբակների արտաքին քաղաքական ճաշակը, ըստ այդմ նրանց թաքնված կամ անթաքույց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների արտաքին քաղաքական ճաշակը, կարելի է հասկանալ, բացատրել, որ երբ Եվրոպական միությունն ասում է ողջունում ենք և կաջակցենք Հայաստանում ժողովրդավարությանը, ասում են` «ահա, ներքին գործերի միջամության փորձ է», երբ Թուրքիան ասում է` ողջունում ենք խաղաղությունը և դրանում, վարչապետ Փաշինյանի դերն, ասում են` «ահա, ներքին գործերին միջամտության փորձ է»։ Պարզ է, չէ՞, որ այս ուժերը և իրենց տիրապետության տակ գտնվող մեդիա ռեսուրսներն ընդհանրապես չեն նկատում ճաշակից բխող մյուս կողմից եկող զանազան գնահատականներ և ուղերձներ, որոնց վրա, այս պարագայում ես կասեի` մեծ դժվարությամբ պետք է աչք փակել և չհամարել ներքին գործերին միջամտության փորձ։ 

Արձագանք. Շնորհակալ եմ պատասխանի համար, պարոն Միրզոյան, և Ձեր պատասխանից երկրորդ հարցը բխեցնեմ։ Մենք խոսում ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, ինչը չափազանց կարևոր է թե՛ Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքի համար, թե՛ տարածաշրջանում խաղաղության կայունացման և դրա վերջնական ամրացման համար։ Եվ երեկ Ադրբեջանի նախագահը հրապարակային խոսեց և փոխկապակցեց Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ, և սա կրկին, քիչ առաջ մեր ունեցած խոսակցության տրամաբանությամբ, տարբեր կերպ է մեկնաբանվում և տարընկալումների տեղիք է տալիս։ Խնդրում եմ նաև այս հատվածը մեկնաբանեք։ Շնորհակալ եմ։

Արարատ Միրզոյան․ Գիտեք, մենք ինքներս, որպես քաղաքական օրակարգի մաս, երկու առանձին կարգավորման գործընթաց ենք շարունակում և իրականացնում, և երկուսում էլ ունենք շոշափելի հաջողություններ, երկուսում էլ ունենք հստակ ձևակերպված հետագա քայլերի մասին պատկերացումներ կամ վերջնարդյունքների մասին ակնկալիքներ: Այս ամբողջը, ինչ ասացի, հրապարակային է, այստեղ մի գրամ գաղտնիք չկա, և մենք ասում ենք, որ սրանք ամեն դեպքում մեկը մյուսով պայմանավորված չեն որպես քաղաքական օրակարգի մաս: Բայց լրիվ օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի։ Ի վերջո, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտությունն էլ ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ի վերջո, այդ երկու երկրներն էլ ասում են, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում՝ ամեն մեկն իր համար՝ մյուս երրորդ երկրի հետ ունեցած հաջողության չափով։ Ինչ-որ առումով այս կապը մենք պետք է ճանաչենք, բայց նաև, դե իհարկե, դա եռակողմ կարգավորում չէ ի վերջո: Ես, օրինակ, կարծում եմ, որ եթե մենք Ադրբեջանի հետ այսօր ունեցանք այս կամ այն պայմանավորվածությունը, մի քայլ էլ առաջ կատարեցինք, մի քայլ էլ ամրապնդեցինք խաղաղությունը կամ ինստիտուցիոնալացրեցինք, կարող ենք այդ քայլը անել, առանց սպասելու Թուրքիային: Հետո Թուրքիայի հետ մի քայլ առաջ ունեցանք, և այդպես զուգահեռ, բայց ոչ նույն օրը։ Այսինքն՝ այո՛, ինչ-որ կապ, անշուշտ, կա, բայց դրանք բերել, դնել նույն տեղ, նույն վայր, նույն ժամ, երևի մի քիչ չափազանցություն կլինի։

Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ կարևոր է, այնուամենայնիվ, նկատել, որ Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև մեր մյուս գործընկերների դիրքորոշումներն, ինչպես և մեր դեպքում, լրիվ խաղաղության գործընթացի մաս են, համահունչ են և դրա տրամաբանական դրսևորումն ու շարունակությունն են։