Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փաշինյանը չի ասել․ Վարչապետի աշխատակազմը հերքում է «Կոմերսանտ»-ի հրապարակումը

  «Հարցմամբ ներկայացված արտահայտություններն ու ձևակերպումները չեն պատկանում ՀՀ վարչապետին»,- «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Վարչապետի աշխատակազմի   Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ա1+»-ը վարչապետի աշխատակազմից փորձել էր ճշտել, թե արդյոք ռուսական «Կոմերսանտ» լրատվամիջոցի`  վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրված արտահայտությունները, համապատասխանում են իրականությանը։

 Ըստ ռուսական  լրատվամիջոցի՝   Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի  ժամանակ արել է այսպիսի հայտարարություն․ «Այսօր Երևանում հանդիպում են բարեկամները․ այն երկրների առաջնորդները, որոնք ընտրել են ժողովրդավարական ուղին և պատրաստ են ապրել խաղաղության մեջ։ Միայն նախկին ԽՍՀՄ-ի մեկ երկիր համաձայն չէ դրա հետ։

Շատերն արդեն լքել են ԱՊՀ-ն հենց այդ երկրի պատճառով։ Ճիշտ կլինի ստեղծել Ռուսաստանից իրականում անկախ պետությունների նոր համագործակցություն՝ ներառելով նախկին ԽՍՀՄ-ի 14 երկրները»։

 Հիշեցնենք, որ    մայիսի 4-ին Երեւանում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:  Երևանում էին Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը: