«Կառավարությունն ուզում է սղղացնել նախագիծը» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտահոգված են ու անընդունելի է` միայն 90 րոպե նախատեսել այնպիսի նախագծերի քննարկմանը, ինչպիսիք են` մասնավորեցումը, համայնքների խոշորացումը։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ մասնավորեցման հետ կապված այս պահին անգամ պոտենցիալ գնորդներ չկան. «Ու հիմա Կառավարությունը ուզում է սղղացնել, անցկացնել այս նախագիծը։ Գալոչկայի համար քննարկումը բացարձակ անընդունելի է: Համայնքների խոշորացման հարցում ես ստացել եմ համայնքապետերի կնիքներով կնքված թղթեր, որ կատեգորիկ դեմ են։ Անընդունելի է նման աշխատաոճը»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին նշեց, որ նման առաջարկություններ եղել են նաեւ խմբակցություններից, հանձնաժողովներից. «Մենք փոխանցել ենք դրանք Կառավարությանը, եկել ենք համաձայնության, որ 90 րոպեի փոխարեն երկու ժամ քննարկում անենք։ Շնորհակալություն եմ հայտնում երկու կողմերին էլ»: Ելք դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին ավելացրեց, որ երկու ժամն էլ է քիչ նման ծավալուն փաթեթի քննարկման համար. «Խոշորացման համար հանրաքվեներ ու հարցումներ չեք արել։ Ուզում ենք թե ոչ, ինքնության պահպանման խնդիր ունենք»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ավելացրեց, որ այս հարցերը լուրջ հանրային հնչեղության հարցեր են. «Մեկ ժամ ավելի քննարկումը որեւէ բան չի տա»։ ՀՀԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց` հարցի քննարկման համար։