Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմում կարևորվել է հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիայի աջակցությունը

Քաղաքականություն
St_Peters_Square_Vatican_City_-_April_2007

Հունիսի 6-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։ Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների խորհրդարանական փոխգործակցության և դրա խթանման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ հայ-իտալական հարաբերությունների բազամադարյա պատմությանը՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայությունն են վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Իտալիա միջկառավարական նիստի գումարման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դա գործուն շրջանակ կհանդիսանա հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար։ Նախարար Նալբանդյանը անդրադարձ կատարեց ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց ընտրությունների կազմակերպման օժանդակության նպատակով Եվրոպական միության ցուցաբերած աջակցության կարևորությունը: Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նա կարևորեց հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Հանդիպմանն անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի և Իտալիայի մոտեցումներին։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի նախարար Ալֆանո, հարգելի գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին՝ հրավերի, ջերմ ընդունելության և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը հյուրընկալելու համար: Այսօր իմ գործընկերոջ հետ բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, ինչպես նաև միջազգային ձևաչափերի շրջանակներում համագործակցության շուրջ: Չնայած վերջերս ակտիվացել են մեր պետությունների միջև բարձր մակարդակով փոխայցերը, մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ դեռևս առկա է մեծ ներուժ` քաղաքական մեր երկխոսության հետագա զարգացման համար: Այս նպատակով, իմ գործընկերոջ հետ միասին, մասնավորապես ընգծեցինք Հայաստանի արտաքին գործերի և Իտալիայի արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու կարևորությունը: Նախորդ տարի որպես արտաքին գործերի նախարար Նորին գերազանցություն պարոն Ջենտիլոնիի` Հայաստան կատարած այցի ընթացքում մենք միասին համաձայնության եկանք Հայաստան-Իտալիա միջկառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, և ուրախ ենք հանձնաժողովի առաջին նիստն անցկացնել այսօր Հռոմում: Մենք ակնկալում ենք այս ձևաչափով հաջորդ հանդիպումը, որն ուրախ կլինենք հյուրընկալել Հայաստանում, ամփոփել մեր քննարկումների արդյունքներն ու ձեռքբերումները: Ավելին, այս ասուլիսից հետո մենք պատրաստվում ենք անցկացնել հայ-իտալական գործարար համաժողով: Միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը և գործարար համաժողովը նոր հնարավորություններ կստեղծեն մեր տնտեսությունների համար, նոր ոլորտներ կբացահայտեն համագործակցության և ներդրումների համար: Ի թիվս այլ ոլորտների, մենք անդրադարձանք նաև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: Անցյալ տարի Նորին գերազանցություն Պաոլո Ջենտիլոնիի հետ մենք ստորագրեցինք համատեղ հայտարարություն՝ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ: Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև այսօր կստորագրվի մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր՝ նախատեսված 2017-2020 թվականների համար: Մենք բարձր գնահատեցինք պաշտպանական ոլորտում մեր փոխգործակցությունը, մասնավորապես՝ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում իտալական զորախմբի կազմում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: Քննարկումների ընթացքում մենք կարևորեցինք միջխորհրդարանական կապերի զարգացումը: Երեկ ես հնարավորություն ունեցա հանդիպել Իտալիայի խորհրդարանի մի շարք անդամների հետ: Մենք մտքեր փոխանակեցինք միջխորհրդարանական մակարդակում մեր համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: Երկուստեք արժևորում ենք ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, և այս հարցը միջկառավարական հանձնաժողովի օրակարգում է: Նախարար Ալֆանոյի հետ մենք անդրադարձանք Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությանը: Այս աշնանը մենք ակնկալում ենք ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է քաղաքական ակտիվ երկխոսության, բազմաթիվ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև աշխույժ առևտրի և տնտեսական կապերի շրջանակը: Հաջորդ տարի ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մենք քննարկեցինք նրա առաջնահերթությունները, ամենակարևոր հարցերը, որոնք ձևավորում են ԵԱՀԿ օրակարգը, և այն մարտահրավերները, որոնց առերեսվում է կազմակերպությունը: Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր արևելքում, Սիրիայում ստեղծված իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հոսքերի ու Ծոցի վերջին զարգացումների վերաբերյալ: Ես իմ գործընկերոջը ներկայացրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն միտված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերն ու վերջին զարգացումները: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և բարձր գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: Ես հրավիրեցի Իտալիայի արտաքին գործերի նախարարին այցելել Հայաստան: Հարգելի Անջելինո, շնորհակալություն, և ակնկալում ենք հյուրընկալել Ձեզ Երևանում: