Խոշորացման գաղափարը ընդհանուր առմամբ վատ չէ. Ն. Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ նիստին Համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց, իր խոսքով, տարածված արատավոր երևույթի մասին. «Որ գյուղ գնում ես, լսում ես, որ ինքը բացարձակապես առանձնահատուկ գյուղ է, ու այն նորագույն էթնոսի հիմք է հանդիսանում։ Քիչ է մնում, որոշ գյուղեր հսկիչ անձնագրային ռեժիմ սահմանեն, որ վիզայով շփվեն միմյանց հետ, քանի որ իրենք կատարյալ են, առանձնահատուկ։ Չպետք է մոռանալ, որ մենք ունիտար ժողովուրդ ենք` բոլոր մարզերի առավելություններն ու թերությունները նույնն են, սակայն դա չի նշանակում, որ տարբերություն չկա, ինչպես երկու եղբոր պարագայում, որ տարբերվում են բոյով, ձայնով, բնավորությամբ։ Այս տեղային տարբերակումը արատավոր երևույթ է ու ինձ համար դա թիրախ եմ համարում»: Ըստ նրա` խոշորացման գաղափարը ընդհանուր առմամբ վատ չէ. «Սակայն այս ընթացքում անընդհատ զանգեր ենք ստանում մարզերից, թե սա ցեղասպանություն է, եկեք, հասեք, փրկեք։ Երբ հետաքրքրվեցինք, թե նրանք ովքեր են, հիմա ուզում եմ այս ամբիոնից նրանց պատասխանել` ում համար ընտրակաշառք էիք բաժանում ընտրություններին, նրանց էլ բացատրեք, թե սպիտակ ցեղասպանությունը որն է»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթ ունեցավ` ասելով. «Եթե մարդ իր եղբոր, հարեւանի, համայնքի համար ջանացավ չէ, ապա չի կարող մյուսների համար ջանացավ լինել։ Իհարկե, տեղային հայրենասիրությունը լավ չէ ու ցանկացած ծայրահեղ գնահատական լավ չէ»։