Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրիացիներն անգամ ՄԱԿ-ից օգնություն չեն ստանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
demokratia

Այսօր տեղի ունեցավ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի «Կանայք հանուն խաղաղության և կայունության. խաղաղությունը սկսվում է քո տնից» վերտառությամբ հինգերորդ միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էին հյուրեր  տարբեր երկրներից:  Սիրիացի Գաիրդա Ալ- Օդաթը քաքաղական ապաստան է ստացել Շվեյցարիայից, սակայն շարունակում է աշխատել Սիրիայի բնակիչների հետ՝ իրազեկելով իրենց իրավունքների մասին: Նա մտահոգված է Սիրիայի հարեւան երկրներում ապաստան ստացած սիրիացիների համար, քանի որ նրանք անպաշտպան են, շատ անգամ բռնության են ենթարկվում եւ կառավարությունից որեւէ օգնություն չեն ստանում. «Չկա օրենք, չկա պաշտպանություն, չկա կառավարություն, որը նրանց մասին հոգ կտանի: Նույնիսկ ՄԱԿ-ը նրանց մասին հոգ չի տանում»: Նրա խոսքերով՝ Լիբանանի, Թուրքիայի, հորդանանի կառավարությունները փոխանակ շարունակ խոսեն, պետք է աշխատեն: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ խաղաղության տանող ուղին եւ բռնությունների բացառումն անցնում են կանանց հզորացման ճանապարհով: «Այժմ կանանց ձեռքերում ավելի մեծ ուժ եւ իշխանություն կա, դա է պատճառը, որ մենք պակաս ագրեսիվ ենք: Ուրախ եմ, որ ԵՄ հիմնական դրույթներից մեկը գենդերային հավասարությունն է: Մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք ծավալում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:    Նրա խոսքերով՝  բռնությունը փոքր առ փոքր զիջում է իր դիրքերը, սակայն ընտանեկան բռնությունները ավելի դժվարությամբ են նահանջում: Սա ԵՄ-ի համար ամենակարեւոր թեմաներից մեկն է:  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն էլ  ավելացրեց, որ կանայք շատ հաճախ զոհ են գնում զինված հակամարտություններին: Ըստ նրա՝ իր երկիրը   պայքարում է  կանանց դեմ բռնությունների անպատժելիության դեմ, ինչպես նաեւ  խրախուսում կանանց խաղաղարար գործունեությունը: Նա շատ ուրախ եւ հպարտ է, որ նախագահական ընտրություններից հետո Ֆրանսիայի զինված ուժերը կին է ղեկավարում: «Կանայք միայն զոհեր չեն, նրանց ձայնը շատ կարեւոր է եւ  պետք է լսվի հակամարտությունների խաղաղեցմանն ուղղված բոլոր միջոցառումներում»,-  ավելացրեց դեսպանը:  Դեսպանը հիշեցրեց, որ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Նորվեգիան եւ Բոսնիա Հերցեգովինան եւս  կարեւոր պաշտոնը վստահել են կանանց: