«Համայնքների վրա կրասվորդ չեք լուծում» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվեց Համայնքների խոշորացման նախագիծը։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առավոտյան Գագիկ Ծառուկյանին են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչները. «Ես գիտեմ, որ ընդունելու եք այս նախագիծը, քանի որ քաղաքական որոշում է դա։ Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են եւ որոշել եք այս նախագծով ձեր թեկնածուների վրա ձեւեք ՏԻՄ-ը։ Հանդիպեք գյուղացիների հետ, նրանք այլ առաջարկներ ունեն, նրանք ավելի ճիշտ տրամաբանություն ունեն։ Մենք այս նախագծում որեւէ տրամաբանություն օպտիմալ կառավարման, չենք տեսնում։ Դուք համայնքների վրա կրասվորդ չեք լուծում»։ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սկզբում աջակցել է համայնքների խոշորացման նախագծին, սակայն այս ընթացքում որեւէ առաջընթաց չկա, մասնավորապես Լոռու մարզում. «Կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի արել, ու լավ գաղափարները միշտ ապականել են ու փչացել են. հիմա մենք լավ գաղափարին որեւէ կերպ չենք կարողանում աջակցել։ Բերեք հաջողության պատմություն. բավականին ժամանակ է անցել նախորդ խոշորացումից»: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ԱԺ-ում պետք է խոսել բնակիչների մասին, այլ ոչ թե տան որակումներ. «Երեկ ամբողջ օրը եղել ենք բնակիչների հետ։ Այս առաջարկությունը նրանց հետ քննարկված նախագիծ է։ Մենք հաջող պատմություններ ունենք. եթե ուզում եք տեսնել դրանք, ապա մտեք մեր կայքում։ Ես ամեն ինչ կանեմ, որ դրանք ավելի հրապարակային լինեն»։ Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք կողմ են. «Հույս ունեմ, որ Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ՀՀԿ-ն դեմ չի քվեարկի»։ Կոռուպցիայի կանխարգելման մասին նախագիծը ընդունվեց միաձայն` 92 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ։ https://youtu.be/gAa68TetED4 Պետական գույքի մասնավորեցման նախագիծը ընդունվեց 58 կողմ, 31 դեմ ձայներով։ Համայնքների խոշորացման նախագծի քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճիշտ կլինի, որ կարճ ժամկետում համապարփակ զեկույց լինի խոշորացման առաջին փնջի մասին` ինչ է տեղի ունեցել. «Քանի որ էմոցիոնալ դաշտում որոշում չի կարելի կայացնել։ Մենք չենք մասնակցելու քվեարկությանը»: Համայնքների խոշորացման նախագիծը ընդունվեց 57 կողմ, 24 դեմ ձայներով։ Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Կառավարության ծրագրի մասին լրացուցիչ կտեղեկացնեն. «Նաեւ ուզում եմ ասել` ձեր բոլոր գործերը կազմակերպեք ՀՀ տարածքում, քանի որ բացի Կառավարության ծրագրից, կլինեն նաեւ ուրիշ այլ նախագծեր քննարկման»: Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց։