Ինչու դերասանուհին 2 ժամ չի լացի (տեսանյութ)
Արվեստի մարդիկ Հայաստանում հեշտ կյանքով չեն ապրում։ Նրանք ստիպված են հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, որ բնութագրական են այլ բնագավառներին ևս։ «Միհր» թատրոնի դերասանուհի Շողակաթ Մլքե-Գալստյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Բնականաբար՝ հիմա մենք կարող ենք ընդունել մի երկու ժամանոց լաց, թե ինչքան դժվար է մեզ»։ Պետական որևէ աջակցություն չունեցող «Միհր» թատրոնի դերասանուհին սուղ պայմաններում անգամ ստեղծագործելու կորովը չի կորցնում։ «Հայաստանում ամենալավ բաներից մեկը որպես արվեստագետ մենք ունենք դա ներշնչանքի և խոսելու առիթներն են, որ շատ են»,- ասում է Շողակաթը։ Արդեն 14 տարի Հայաստանում գործում է «Միհր» թատրոնը, որն ստեղծվել է Շողակաթի, եղբոր ու ազատ մտածողների ջանքերով։ Թատրոնի աշխատանքի տեմպի վրա ազդում է կրթական համակարգի և ժամանակակից լուծումների միջև մեծ անդունդը։ «Երբ որ մենք աշխատում ենք դերասանների հետ, գալիս են մեր բուհերից կամ պարողներից, իրենց հետ տարվում է երկարատև աշխատանք, մինչև բերվում է ժամանակակից տենդենցներին»։ Ստեղծագործող մարդու տարածքը զավթել է պետությունը։ Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ մշակույթի ոլորտում պետությունը պետք է զուտ կանոններ սահմանող և կարգավորող լինի։ «Երբ որ պետությունը մտնում է ստեղծագործական ոլորտ ու որոշում՝ էս նկարիչը ժողովրդական է, էս երգիչը արվեստի վաստակավոր և այլն... արհեստական սահմանումներ է տալիս, այստեղ փչանում է ամեն ինչ»։ Եվ փչանում է առաջին հերթին արվեստագետը, ով շեղվում է իր առաքելությունից։ Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Երբ պետությունը սկսում է միջամտել, էս վիպասանը սկսում է ծառայել ոչ թե իր ընթերցողին, այլ էս չինովնիկին, քանի որ ինքը պետք է ստանա պրեզիդենտի կամ չպրեզիդենտի մրցանակ»։ Մշակույթի ու ստեղծարարության ոլորտի ներկայացուցիչներին խնդիրների հաղթահարման գործում աջակցում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ Նրանց մի մասը Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն ծրագրի մասնակիցներ են։ «Միհր» թատրոնի համար ԵՄ-ի հետ համագործակցությունը միայն դրական արդյունքներ է բերել. «Այն, ինչ անհրաժեշտ էր մեզ որպես թատրոն այս փուլի համար, մենք մաքսիմալ քաղեցինք այս ծրագրից։ Սկսած նրանից, որ մենք մաս դարձանք հետազոտական այցերի և ունեցանք համատեղ ներկայացումներ արտերկրում՝ Լեհաստանի օրինակով»։ Իսկ այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ստեղծարար Հայաստան» ֆորումն էր։ Արտերկրյա և հայաստանյան պրոֆեսիոնալները քննարկեցին ստեղծարար ոլորտի զարգացման հեռանկարներն ու ուղիները։