Շարմազանովը կոռուպցիայի դեմ կպայքարի աչքերի մեջ նայելով (տեսանյութ)
Ազդարարի ինստիտուտը հանրապետականը ներդրել էր դեռեւս ընտրություններից առաջ՝ երբ փող վերցնող ընտրողը կարող էր իրավապահներին տեղեկացնել իրեն կաշառելու փորձի մասին: «-Եղա՞վ էդպիսի դեպք, երբ որեւէ փող վերցնող ընտրող հայտնեց: Էդպիսի դեպք եղե՞լ է: -Ես էդպիսի դեպք չեմ հիշում»,- ասում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Ընտրողն, ըստ Արփինե Հովհաննիսյանի, այսօր կարող է հայտնել, որ ընտրությունների ժամանակ, դիցուք, Միհրան Պողոսյանի շտաբը կաշառել է իրեն: Պետական գույքի կառավարման վարչության պետը պատկերացնում է, որ իր հիմնարկում կլինեն մարդիկ, որոնք կզեկուցեն ղեկավարության կոռուպցիոն քայլերի մասին։ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասում է. «Եթե կան մեղադրանքներ, պատրաստ ենք նաեւ էդ մեղադրանքները լսելու»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավատում է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաստատ կաշխուժացնի կոռուպցիայի դեմ պայքարը, ասենք, պատգամավորը հանգիստ կարող է տեղեկացնել գործընկերոջ հանցավոր հակումների մասին. «Ես կարծում եմ նաեւ, որ էդ խրախուսման մեխանիզմները ազդարարման, որ գոյություն ունեն, դրանից շատերը կարող են օգտվել: Օրական 4 բան ազդարարես, բավականին լուրջ գումար կարող է ստանաս»: Դաշնակցական պատգամավորը վստահ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում անիմաստ կլիներ, եթե պետական մարմինները իրենց աշխատանքը լավ անեին: Ըստ Արմեն Ռուստամյանի, հակակոռուպցիոն այս անկախ հանձնաժողովի ստեղծումը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները վստահելի չեն. «Քանի որ մենք ընդհանրապես խնդիր ենք դնում հակակոռուպցիոն պրոցես սկսելու, էդ նշանակում է, որ վստահություն չկա: Այսինքն, կառավարումը ճիշտ չի իրականացվում»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոռուպցիայի դեմ պայքարում առաջարկում է ոչ թե հանձնաժողովներ ու օրենքներ, այլ՝ աչքեր: Հատկապես եթե խոսքը պատգամավորների մասին է, որոնք պետք է ազդարարեն միմյանց հանցագործությունների մասին. «Պատգամավորները, եթե նման խնդիր կա, ինքը պիտի իրա ընկերոջ աչքերին նայի ու ուղիղ հետը խոսա, այլ ոչ թե թաքուն մեկ այլ մարմնին ասի: Մենք բոլորս ընտրված ենք ժողովրդի կողմից եւ շատ ավելի ճիշտ ու ազնիվ կլինի, երբ որ դու... Ես համենայնդեպս այդպես եմ, երբ որ ասելիք կա, ես միշտ էլ՝ ջանն էլ եմ պատգամավորի աչքերին նայելով ասում եւ իմ օպոնենտներին էլ»: Եթե աչքերի մեջ նայելով պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչու՞ են ներդնում ազդարարների ինստիտուտը: Պարոն Շարմազանովը պարզապես կարծում է, որ ազդարարների ինստիտուտը պետք է ճիշտ օգտագործվի. «Էս ազդարարների ինստիտուտը ոչ թե լինի մեկը մյուսին վատաբանելու, մեկը մյուսի վրա շառ անելու, այլ կոնկրետ օժանդակություն կոռուպցիոն խնդիրները լուծելու համար»: