Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ կանչել եք, որ էնքան որ մի բան ասե՞ք» (տեսանյութ)

Քաղաքականություն
689fb67c48a06edb5c221713f5752f67

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր անցկացվող «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպմանը ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, դիմելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, նշեց` լավ նախաձեռնություն է, սակայն կա մտահոգություն. «Եթե մի օր ձեզ դեսպան ուղարկեն, ի՞նչ է լինելու խորհրդի ճակատագիրը»: «Փաստորեն, պաշտոնի ցածրացում եք կանխատեսում»,-կատակեց Արմեն Աշոտյանը. «Դե, ձեր դեպքում ոնց է` ոնց կուսակցությունը որոշի»,-ժպիտով ավելացրեց Թեւան Պողոսյանը։ «Շնորհակալություն, առողջ ֆատալիզմի համար»,- նույն բարձր տրամադրությամբ շարունակեց Արմեն Աշոտյանը` ավելացնելով. «Ճիշտ է, հիմա գումար չունենք խորհրդի համար։ Նյու վասյուկի չենք խաղալու։ Գծային ԱԺ-ից պետք է անցնենք նաեւ տարածականի, նման չափագրում անենք»: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը բավականին կոշտ ելույթով հանդես եկավ. «Ինչի՞ համար եմ գալիս ձեզ լսելու, կոպիտ եմ ասում, օպոզիցիա չեմ անում, ուղղակի ուղիղ եմ հարցը դնում։ Մեզ կանչել եք, որ էնքան որ մի բան ասեք, էլի... պարզ չի` ինչի պիտի ասեմ. ես բազմաթիվ նյութեր եմ գրում, եւ դրանց մեծ մասը դուք չեք կարդում... ինչո՞ւ չեք կարդում... հատուկ եմ կոպիտ ասում։ ԱԺ-ում պետք է մարդիկ լինեն, որ շահագրգիռ լինեն։ Նման մթնոլորտ պետք է ստեղծել։ Փորձեք համոզել մեզ, թեկուզ ասեք` փող չունեք, դա էլ է համոզիչ...Հարց ունեք, կանչեք, ես հազար բան գիտեմ, մենք ազատ մարդիկ ենք` ինչ կուզենք կասենք, կուզենք չենք շփվի»։ Արմեն Աշոտյանն ի պատասխան` ասաց. «Եթե այս նիստին հրավիրել ենք, ուրեմն ձեզ կարդում են։ Իմ մոտիվացիան է` աշխատել հանուն երկրի, գրել ոչ թե գրադարակի, գրադարանի, հանուն թղթի, այլ երկրի համար։ Այնպես չէ, որ միայն իմ խաթր կամ ՀՀ համար եք այստեղ լինելու։ Շատերիդ հետ ինձ համար շատ հաճելի է շփվել, կարծում եմ` փոխադարձ է։ Իսկ երաշխիքները ջենտլմենական համաձայնություններն են։ X թեմայի վերաբերյալ բոլորդ տարբեր բաներ եք գրում, դրա համար պետք է քննարկենք»: ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, որը արդեն լքել էր քննարկման սենյակը, վերադարձավ ու նշեց. «ԼՂ հակամարտության վերաբերյալ դեռ ՀՀՇ իշխանության տարիներին փորձագիտական փաթեթ է եղել, որը չորս տարի պտտվեց, ու ոչ մի բան։ Այն հանձնվել է միջազգային տարբեր պատվիրակությունների, մեծ արձագանք ստացել։ Այն կարող է համընկնող չլինի իշխանության կարծիքի հետ, սակայն այն կյանքի իրավունք ունի»: Քննարկման ավարտին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հուլիսին կկայանա «Անալիտիկ խորհրդի» առաջին հավաքը, որը նվիրված կլինի նրան, թե ԱԺ հաղորդակցական խողովակներն ինչպես օգտագործել` լուծելու արտաքին մարտահրավերները։