Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը սադրանքի զոհ է դարձել. Սամվել Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-sadranq

Ըմբշամարտի միջազգային մրցավար Սամվել Հարությունյանը կարծում է, որ մեր հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սադրանքի զոհ է դարձել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: «Ելնելով գոտեմարտի տեսագրությունից, կարող եմ ասել, որ սկզբում ամեն ինչ նորմալ էր անցնում, բայց երկրորդ ռաունդից սկսաց մրցավարը սխալ որոշումներ է կայացնում: Մասնավորապես՝ Արթուր Ալեքսանյանը 20 վայրկյանում երեք գրոհ է ձեռնարկում, սակայն այդպես էլ միավոր չի ստանում: Այնպիսի տպավորություն է, որ վրացի ըմբիշին հրահանգ է տրված տեղում կանգնել, իսկ մնացած հարցերի լուծումը նրա գործը չէ: Եթե անաչառ մրցավարություն լիներ, ապա մրցամարտի հաշիվն ընդհատման պահին պետք է լիներ ոչ թե 1:2, այլ 5:1՝ հօգուտ Արթուր Ալեքսանյանի», - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ասաց փորձառու մասնագետը: Սամվել Հարությունյանը միանշանակ համոզված է, որ գոտեմարտի ընթացքում տեղի ունեցած սադրանքը հենց մրցավարական սխալների արդյունք է: «Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, նրա օգնականները, այդ թվում Գեւորգ Ալեքսանյանը, որը Արթուրի հայրն է, գերազանց գիտեն ըմբշամարտի կանոնները եւ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում մրցագորգի վրա: Այնուամենայնիվ, Արթուր Ալեքսանյանը, անկախ իրավիճակից, որպես մարզիկ, իրավունք չուներ միջամտելու կամ գորգից դուրս գալու: Նա պետք է սպասեր, մինչեւ որ կրքերը հանդարտվեին, եւ շարունակեր մրցամարտը: Համոզված եմ, որ մնացած ժամանակում մեր մարզիկը կհաղթեր վրացի ըմբիշին», - եզրակացրեց միջազգային մրցավարը: Հավելենք, որ վրացի Ռեւազ Նադարեիշվիլու հետ եզրափակիչ մրցամարտում մրցավարը Արթուր Ալեքսանյանին 1:4 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցել, բացի այդ, մեր մարզիկն որակազրկվել է եւ մնացել առանց արծաթե մեդալի: