«Շիրակ»-ում փորձաշրջան է անցնում 4 ֆուտբոլիստ
Գյումրիի «Շիրակը» տեղի ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է մարզումները եւ նախապատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, թիմին միացել են չորս նորեկներ: Գյումրի է վերադարձել «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ, գանացի 27-ամյա պաշտպան Էդվարդ Կպոդոն, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր «Գանձասար-Կապանում»: «Շիրակի» հետ մարզվում են նաեւ կիսապաշտպաններ, 23-ամյա բոսնիացի Ալեքսանդր Իլյիչը եւ 26-ամյա սերբ Իգոր Ստանոեւիչը, ինչպես նաեւ «Փյունիկի» նախկին սան, 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Շիրակը» անցած մրցաշրջանում նվաճել է Հայաստանի գավաթը եւ իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլին: Շիրակցիների առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա հունիսի 19-ին կայանալիք վիճակահանությունից հետո: