Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց Անանդի հետ
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում եւ պահպանեց առաջատարի դիրքը: Մեր շախմատիստն այսօր սպիտակներով ուժերը չափեց Վիշվանաթան Անանդի հետ: Լեւոն Արոնյանը չնայած զգույշ սկսեց պարտիան, բայց հետո աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը: Թվում էր, որ մեր շախմատիստը կշարունակի ուժեղացնել ճնշումը սեւերի թագավորական թեւի վրա, սակայն նա անսպասելի կրկնեց քայլերը եւ գրոսմայստերական ոչ-ոքի արեց աշխարհի նախկին չեմպիոնի հետ: Լեւոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը, քանի որ նրան հետապնդող ամերիկացի Հիկարու Նակամուրան նույնպես ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Վաղը կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, որը վաստակել է 4 միավոր եւ պայքարում է մրցանակային 3-րդ տեղի համար: