Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է փոխքաղաքապետը զինծառայության ընթացքում տեղափոխվել թատրոն (տեսանյութ)

Քաղաքականություն
zara-2

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր քաղաքապետի տեղակալների նշանակման հարցը։ Տարոն Մարգարյանը բոլոր 4 փոխքաղաքապետերին առաջարկում էր վերանշանակել իրենց պաշտոնում։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը,սակայն, նկատառումներ ուներ. նրանք դեմ էին բոլոր փոխքաղաքապետերի նշանակմանը։ Կուսակցությունը Կամո Արեյանին մեղադրեց քաղաքի կանաչապատ տարածքների կրճատման համար, Վահե Նիկոյանին նրանք դեմ էին, քանի որ վերջինս չի ծառել զինված ուժերում։ Դավիթ Օհանյանը, ըստ նրանց, լինելով Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, չի կարողացել 14- րդ դար հիշեցնող Մալաթիայի շուկան բերել 21-րդ դար։ Իսկ Արամ Սուքիասյանին էլ հարց հնչեցրին, թե ինչու է ընդամենը երկու ամիս ծառայել ԶՈւ-ում. «Երկու ամիս հետո, Վազգեն Սարգսյանի հրամանով, ես տեղափոխվել եմ այլընտրանքային ծառայության՝Ստեփանակերտի թատրոն, զբաղվել եմ ռեժիսուրայով»,- պատասխանեց փոխքաղաքապետը, ինչին «Երկիր Ծիրանին» արձագանքեց. « Դե այդ թվերին մեզ երևի ավելի շատ դերասաններ էին պետք, ոչ թե զինվորներ»։ Դահլիճից լսվեցին բուռն արձագանքներ։ ՀՀԿ խմբակցության անդամները դժգոհում էին, թե նիստը վերածվել է մանկապարտեզի։ Արամ Սուքիասյանից «Երկիր Ծիրանին» պահանջեց նաև պարզաբանել մանկապարտեզների աղետալի վիճակի պատճառը, նրանք մեղադրեցին քաղաքապետին, որ նա 200 դոլար կաշառք է վերցնում երեխաներին ընդունելու համար ու կրկին նշեցին, որ մանկապարտեզները հիշեցնում են 14-րդ դարը։ Այս անգամ միջամտեց Տարոն Մարգարյանը.«Խնդրում եմ 14-րդ դարից վերադարձեք 21-րդ դար։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես այնտեղից գործուղված լինեք»։ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դեմ քվեարկեց բոլոր փոխքաղաքապետերին, իսկ «Ելք»-ը՝ ձեռնապահ բոլորին, բացի Վահե Նիկոյանից, նրան խմբակցությունը կողմ քվեարկեց։ Բոլոր փոխքաղաքապետերը վերանշանակվեցին։ Ավագանու ողջ նիստի ընթացքում աղմուկ էր։