Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ձեր լրատվամիջոցում տաղտուկ է` նոր լրատվամիջոց ստեղծեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
tvapatum-1

Որո՞նք են 21-րդ դարի մեդիամիջոցների գոյատևման ու զարգացման հիմնական ճանապարհները։ «Թվապատում» 2017-ի կոնֆերանսի այս տարվա թեման մեդիամենեջմենթն է։ Մեդիամասնագետների գնահատմամբ՝ թե արևմտյան, թե արևելյան լրատվամիջոցներին ձեռնոց է նետել անկախության հարցը։ The Headlines-ի գլխավոր խմբագիր Վսեվոլոդ Պուլյան ասում է. «Եթե ձեր լրատվամիջոցը վերահսկելի պայմաններում է աշխատում, միշտ հիշեք, որ էլի հնարավորություն կա լավ աշխատանքի։ Մի լրատվամիջոց կա՝ Մեդուզան, որը գործում է Լատվիայում, բայց լրագրողները շրջում են Ռուսաստանի տարածքում և որակյալ արտադրանք թողարկում»։ Որակյալ նյութերը, այլ խոսքով ասած՝ հանրային շահի ու մարդկանց լեզվով խնդիրների մասին բարձրաձայնող պատմությունները, պակասում են լրատվամիջոցներում։  HackPack նախագծի հիմնադիր և ղեկավար Ջասթին Վարիլեքը նշում է. «Ինքդ պետք է որոշես՝ քո լրատվամիջոցն ինչպիսին է՝ սպառողակա՞ն, թե՞ լյուքս լուրեր արտադրող։ Առաջին դեպքում դու զիբիլ ես մատուցում, բայց դա շատերին է դուր գալիս, երկրորդ դեպքում՝ մեծ ռեսուրսներ ես օգտագործում՝ որակյալ արտադրանք տալով, բայց կարդում են հատուկ մարդիկ։ Իմ կարծիքով՝ պետք չէ թվերի ու քլիքների հետևից ընկնել»։ Լուրը որքան շատ է ընթերցվում, լրատվամիջոցը գովազդատուներից այնքան մեծ գումարներ է ակնկալում։ Դա բերում է սենսացիոն վերնագրերի։ Լեհ խմբագիր և մեդիա մենեջեր Գժեգոժ Պիխոտան պնդում է՝ սրանից լրատվական նյութի որակը պետք է չտուժի։ «Հասարակությունը մեծապես ազդում է, թե ինչպես են պատմությունները կառուցվում։ Այո, դու պետք է օպտիմալացնես քո ռեպորտաժը ֆեյսբուքյան տարածքի պահանջներին, բայց անհրաժեշտ է կարևոր շեշտադրումները պահպանել»։ Ջասթին Վարիլեքի կարծիքով՝ առօրեական է լրագրողների անկախության հարցը։ Գաղափարները պետք չէ սպանել. «Եթե ձեր լրատվամիջոցում ամեն ինչ տաղտուկ է, ձեր գաղափարները չեն իրականացվում, պետք չէ սպասել վերևներին, ինքներդ դա արեք։ Իսկ եթե միայնակ հնարավոր չէ, փորձեք այլ լրատվամիջոցի միջոցով, կամ ձեր ընկերների հետ՝ ստեղծելով նոր լրատվամիջոց»։ Լրագրողները հայաստանյան պաշտոնյաների սիրելիներից չեն։ Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստացել էր սեփական լրատվամիջոցը բացել՝ լրագրողների մասին բացասական նյութերով։ Խնդիրը նաև արևմուտքում կա։  «Ամերիկայում էլ Դոնալդ Թրամփն ունի Թվիթերի սեփական էջը, որը հավասար է մեկ հսկա լրատվամիջոցի։ Այդպիսի վտան կա, որ ամեն մեկն իր լրատվամիջոցը կհիմնի, բայց դուք պետք է այդպիսի ԶԼՄ-ներից ավելի լավը լինեք՝ որակյալ կոնտենտով»,- ասում է Ջասթին Վարիլեքը։ Թվապատում Մեդիակոնֆերանսն արդեն 4-րդ տարին է անցկացվում։ Միջազգային և տեղացի մեդիամասնագետների ելույթներին կարելի կլինի հետևել նաև շաբաթ օրը։