Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեղադրողը չի կարողանում ապացուցել, որ ես ինչ- որ գործողություն եմ կատարել». Խանդոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat-xandoyan

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը Վերաքննիչ դատարան էր եկել բարձր տրամադրությամբ: «Ակնկալիքն այն է, որ արյունս արդեն 11 ամիս է խմել են, կալանքի մեջ եմ  եւ կարծում  եմ, որ լավ կլինի»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Արարատ Խանդոյանը:  Նա Վերաքննիչ դատարանից պահանջում է փոխել իր  խափանման միջոցը։ Առաջին ատյանի դատարանը Արարատ Խանդոյանի գործը վարույթ ընդունելիս  իր նախաձեռնությամբ կալանքի ժամկետը երկարացրել է անորոշ ժամանակով: Նույնիսկ դատախազի պահանջած 4 տարվա ազատազրկումը չի խանգարում Խանդոյանին մտածել, որ նա ազատ է արձակվելու. «Մեղադրողը դե հանդիսանում է քրեաօլիգարխիկ ռեժիմի կամակատար, այդ իսկ պատճառով կարող է նաեւ 14 տարի ուզի, բայց իր ուզելը քիչ է: Մեղադրողը չի կարողանում ապացուցել, որ ես դեպքի օրը ինչ- որ գործողություններ եմ կատարել: Մի բան են մոռանում, որ դեպքի օրը ոստիկաններն են ոհմակով հարձակվել ժողովրդի վրա»: Արարատ Խանդոյանի տրամադրությունը սակայն փոխվեց, երբ դատավորը որոշեց մերժել բողոքը. «Ես ուրիշ բան չէի ակնկալում, քանի որ դուք հանդիսանում եք քրեաօլիգարխիկ ռեժիմի կամակատարը»: ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ  Խանդոյանի ապօրինի կալանքի վերաբերյալ գանգատը: «Միայն ծանր հոդվածով մեղադրվելը հիմք չէ անձին կալանավորելու համար: Վճռաբեկը եւ ՄԻԵԴ-ը բազմաթիվ որոշումներ ունի եւ հիմնավոր կասկածը բացակայում է: Արարատ Խանդոյանի դեմ հարուցված բուն քրեական գործը մեղադրանքը չհիմնավորված է եւ դատարանում բոլորս էլ տեսանք, որ մեղադրանքը փլուզվեց»,- ասաց պաշտպան  Արա Ղարագյոզյանը։ Այսօրվա որոշման մասին էլ  ՄԻԵԴ-ին կտեղեկացնեն։ «Որեւէ եվրոպական դատարան կամ այլ մարմին այս դատական համակարգի վրա չի ազդում: Նրանք չեն մտածում մեր պետական բյուջեի մասին, երբ գումարները գանձվի դատավորներից,  նոր կփորձեն ապօրինի որոշումներ չկայացնել»,- ավելացրեց պաշտպանը: Իսկ բուն  դատավարության ժամանակ՝ հունիսի 27-ին,  Արարատ Խանդոյանը հանդես է գալու ճառով: Ենթադրվում է, որ այդ օրն էլ կհրապարակվի վճիռը: