Ինչու է վարչապետն անհավես. Էդմոն Մարուքյանի հարցը (տեսանյութ)
ԱԺ նիստին այսօր Կառավարության ծրագրի ներկայացմանը վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին։ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց. «Մի տեսակ անհավես, անէքսպրեսիա ելույթի ունեցաք, դուք այդպիսին չէիք առաջին անգամ, ինչո՞ւ։ Այդ դեպքում Դուք ո՞նց եք մեզ համոզելու, որ ծրագիրը լավն է։ Այնպիսի տպավորություն է, որ քիչ առաջ Ձեզ ասել են, որ դուք էլ չեք լինելու վարչապետը։ Իմանանք 2018թ. ով է լինելու վարչապետը, որ իմանանք` ում հետ ենք բանակցելու, թե չէ սխալ է սպասումների մեջ լինելը։ Երեկ նաեւ տեղեկացրին մեզ, որ դուք ժամանակ չունենք 3-րդ քաղաքական ուժի` Ելք դաշինքի հետ հանդիպելու համար»: Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ «ժամանակ չունեմ» նման ձեւակերպում չի եղել. «Մենք պայմանավորվել էինք, որ ժամը 18:00-ին պետք է հանդիպեինք, սակայն դուք չեկաք։ Ես նորից եմ հանդիպման ցանկություն հայտնում։ Անգամ տրամաբանություն չկա` նման ձեւակերպում անելու համար։ Իսկ վարչապետ կլինեմ, թե չէ, դա ի՞նչ կարեւոր հարց է հիմա։ Մինչեւ 2022թ. ծրագիրը այդ հարցին պատասխանում է»: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վարչապետը ներկայացնում է մի տեղեկություն, որ իրականությանը չի համապատասխանում. «Դուք ուզում էիք խմբային հանդիպել` ընդդիմադիր երկու խմբակցության հետ։ Մենք ուզել ենք առանձին հանդիպել»: Ի պատասխան վարչապետն ասաց. «Դուք կատեգորիկ պնդում եք, թե ուզել եք հանդիպել ու չի եղել։ Եթե երկկողմ ցանկություն կա, կարող ենք այսօր էլ կազմակերպել»: Միջամտեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` ասելով. «Ինձ հետ խորհրդակցությունից հետո պայմանավորվեցինք, որ հանդիպելու են երկու խմբակցություն վարչապետի հետ, Ելքը հրաժարվել է։ Ինձ համար մարդկային հարաբերությունները քաղաքականից գերադասում եմ։ Ձեր բառացի արտահայտությունը կասեմ հիմա. դուք ասացիք` առնվազն 40 րոպե վարչապետը պետք է մեզ հետ հանդիպի։ Երեւի դուք զարմացաք, որ վարչապետը համաձայնեց, դրա համար եք հիմա փորձում այսպես արձագանքել։ Չխեղաթյուրենք մարդկանց»։ Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձեց արձագանքել, պարզաբանել, սակայն թույլ չտվեցին` ասելով` վարման կարգով արձագանքել հնարավոր է միայն քվեարկությունից առաջ։