ՖԻՖԱ-ին չի հաջողվում հարթել Քաթար-2022-ի հետ կապված սկանդալը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջում հրապարակել է ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով նախկին քննիչ Մայքլ Գարսիայի զեկույցը, որը նվիրված է 2018 եւ 2022թթ աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրությունների անցկացմանը: Պատճառն այն է, որ գերմանական «Բիլդ» թերթը վերջերս հրապարակել է այդ զեկույցի մի քանի հատվածները, որոնց հիման վրա ամերիկյան իրավաբաններից մեկը կաշառք տալու մեղադրանք է ներկայացրել 2022 թվականի առաջնության կազմակերպիչ երկրի՝ Քաթարի դեմ: Մասնավորապես՝ թերթի տվյալներով, ընտրությունից առաջ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի 10-ամյա աղջկա անունով 2 մլն եվրոյի փոխանցում է կատարվել: ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրան հրապարակած զեկույցի մասին ասել է, որ դրանում չկան այնպիսի տվյալներ, որոնք կարող են կասկածի տակ դնել 2018 եւ 2022թթ աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրությունների օրինականությունը: Ելնելով սույն փաստերից, կարելի է ենթադրել, որ ՖԻՖԱ-ն չի հրապարակել Մայքլ Գարսիայի ամբողջական զեկույցը, հակառակ դեպքում չպետք է տարաձայնություններ առաջանային գերմանական թերթի ու միջազգային ֆեդերացիայի տրամադրած տվյալների միջեւ: