Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողեր կուտակելու միտքը նպատակ չէ, այլ՝ հետևանք»

Քաղաքականություն
hakob-hakobyan

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում նշեց, որ մեծ աղմուկ բարձրացրած Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի կողքին նոր շենք է կառուցվում` անկողնային հիվանդների համար. «Քուվեյթի դեսպանատան միջոցով կիրականացնենք կահավորում ու արդյունքում անհամեմատելի իրավիճակ կլինի։ Սեպտեմբերին այն, ըստ երեւույթին, կշահագործվի»: «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւս անդրադարձավ տուն-ինտերնատի խնդրին` խոսելով տուն-ինտերնատի նախորդ տնօրենի հեռացմանը` ֆինանսների ոչ ճիշտ ու թափանցիկ օգտագործման պատճառով։ «Այժմ նրա նկատմամբ քրեական գործ կա։ Նոր տնօրենի նշանակումը տեղի ունեցավ ոչ թափանցիկ ընթացակարգով. «Մրցույթին մասնակցել է երեք անձ, երեքն էլ տուն-ինտերնատի աշխատակիցներ։ Տուն-ինտերնատի համար հատկացվել է 322 մլն բյուջե, որից մոտ 60 մլն-ն սննդի համար, իսկ մնացածը որտեղ է ծախսվում»։ Նրա մյուս հարցը վերաբերում էր կենսաթոշակային կուտակային համակարգին`  ինչքան գումար է ծախսվել այդ գումարներից` որպես ներդրում եւ որ ոլորտներում. «Նաեւ ուզում եմ տեղեկանալ` դուք ասացիք, որ 8 հազար մարդ ավանդ է ստացել, տարիքային ինչ ցենզ է եղել։ Ինձ դիմել են 90 անց մարդիկ եւ նրանց ասել են, որ սպասեն մեկ ու կես տարի։ Ինչու է ձգում փոխհատուցումները, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ չեն ապրի այդքան»։ Ի պատասխան նախարարը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգում կա 60 մլրդ դրամից ավելի ակտիվ, որոնք տնօրինում են կառավարիչները։ Թե ինչ է արվել, ԿԲ-ն կարող է ասել ու տեղեկանք տրամադրել։ Կուտակային համակարգի ներդրումը այլընտրանք չունի, այնտեղ ես 2-րդ կարծիք չունեմ»: Ինչ վերաբերում է ավանդներին, ապա Արտեմ Ասատրյանը նշեց, որ շուրջ 4 հազար տարեց ստացել իր ավանդները, եւ ավանդների տրամադրումը տեղի է ունենում ամեն ամիս. «Ավանդների տրամադրման տեմպը հիմա ավելի մեծ է։ Մենք ունենք հիմա այնպիսի մի իրավիճակ, որ բոլորն էլ կստանան իրենց ավանդները ու երկար սպասելուց զերծ կմնան»։ Անդրադառնալով տուն-ինտերնատի հարցին` նա նշեց, որ ստացել է պատգամավորի նամակը եւ տրամադրել են գրավոր պատասխան. «Մրցույթի մասին բոլոր տվյալները տեղադրվում են կայքում։ Տնօրենի մրցույթի հետ կապված որեւէ խախտում չի եղել ու օրենսդրության տառին համապատասխան է եղել ամեն ինչ։ Սխալ է այն տեղեկությունը, թե երեք թեկնածուներն էլ նույն հաստատությունից են եղել, մեկը ընդհանրապես այդ ոլորտի հետ կապ չունեցող անձ է եղել»: ԱԺ սոցիալական հարցերի եւ առողջության մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, նշեց. «Փողեր կուտակելու միտքը որտեղի՞ց եք վերցրել: Դա նպատակ չէ, այլ հետեւանք է այս համակարգի համար։ Եթե մի տեղ կարդացել եք այդ մասին, բերեք առանձին ինձ ցույց տվեք»: