Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Եվրոպայի լիգան կմեկնարկի Հայաստանում

Սպորտ
sport-evroliga-3

Հայաստանի ֆուտբոլային թիմերն այսօր կանցկացնեն առաջին խաղերը Եվրոպայի լիգայի 2017-18թթ մրցաշարի որակավորման 1-ին փուլում: Նախ հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ կընդունի Սլովենիայի «Գորիցային»: Նշենք, որ անցած մրցաշրջանում շիրակցիները հաղթահարել են այս փուլը՝ պայքարից դուրս բերելով վրացական  «Դիլային» (0:1, 1:0, 11մ՝ 4:1), իսկ ահա սլովենացիները չեն կարողացել դիմակայել Թել Ավիվի «Մաքաբիին» (0:3, 0:1): Ի դեպ, «Շիրակ» - «Գորիցա» խաղով կմեկնարկի Եվրոպայի լիգայի նոր մրցաշրջանը: Մեր թիմերից երկրորդը պայքարի մեջ կմտնի Երեւանի «Փյունիկը», որը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Սլովակիայի «Սլովանին»: Մեր թիմի  գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարծում է, որ սա շատ լավ հնարավորություն է իր սաների համար միջազգային խաղերի փորձ ձեռք բերելու համար: Իսկ ահա «Սլովանի» գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչը նախաղաղային մամուլի ասուլիսին նշել է, որ կփորձեն Երեւանում հաղթանակ տանել եւ նախապես վճռել դիմակայության ելքը: Նա դա ասում է ելնելով անցած մրցաշրջանի փորձից, երբ  թիմն իր երկրպագուների համար անսպասելի պարտվեց լատվիական «Ելգավային» (0:3, 0:0): Ի դեպ, սլովենական ակումբը 1969 թվականին նվաճել է Եվրոպայի գավաթակիրների գավաթը: Մեր երրորդ մասնակիցը՝ Կապանի «Գանձասար-Կապանը», առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ: Հայաստանի փոխչեմպիոնը Չեռնոգորիայում կմրցի տեղի «Մլադոստի» հետ: Վերջինս անցած տարի հանդես է եկել Չեմպիոնների լիգայի մրցաշարում եւ բոլոր առումներով զիջել է բուլղարական  «Լուդոգորեցին» (0:2, 0:3): «Գանձասար-Կապանն» առաջին խաղը կանցկացնի եվրոգավաթներում: Հարկ է նշել, որ բուքմեյքերները բոլոր այս խաղերում Հայաստանի թիմերին դասում են ետնապահների թվին: Հուսանք, որ դա չի անդրադառնա մեր ֆուտբոլիստների վրա եւ նրանք պատվով դուրս կգան հերթական լուրջ ստուգատեսից: