Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Սպորտ
sport-chess-asryan-1

Միջազգային վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանի հաղթանակով ավարտվեց Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի շախմատի թվով 10-րդ հուշամրցաշարը: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, 16-ամյա շախմատիստը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի արեց Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի հետ եւ նվազագույնն ապահովեց մրցանակային տեղերից մեկը: Նրա գլխավոր մրցակից, Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Քոթանջյանը երկարատեւ պայքարից հետո խաղաղ դաշն կնքեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի հետ: Այդպիսով, մեր երկու շախմատիստները, ինչպես նաեւ Անդրեյ Ժիգալկոն վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Հայկ Մ. Մարտիրոսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Տիգրան Քոթանջյանը, իսկ երրորդը՝ բելառուսցի գրոսմայստերը: Կին մասնակիցներից բոլորից հաջող հանդես եկան մեր առաջատար շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, որոնք վաստակեցին 5,5-ական միավոր եւ բաժանեցին 26-27-րդ տեղերը: Նշենք, որ այս տարի հուշամրցաշարին մասնակցեցին 13 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի եւ Բելառուսի 92 շախմատիստ-շախմատիստուհի: