«Դե, բնապահպաններն իրենց գործն են անում». Աղվան Վարդանյան (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով հանդես եկավ` նշելով, որ կարտահայտվի հին հունական ոճով. «Սեւանա լիճը ազգային հարստությո՞ւն է, այո, պե՞տք է հոգ տանենք, այո, քայլեր ձեռնարկե՞լ ենք, թե՞ ոչ, այս հարցում տարբեր կարծիքներ կարող են լինել։ Լրացուցիչ ջրառը անհրաժեշտ ընտրություն է։ Սեւանը բացի ազգային հարստություն լինելուց, նաեւ նրա համար է, անհրաժեշտության դեպքում օգտվենք ջրից։ Էկոհամակարգի մասին հոգ պետք է տանենք, սակայն սակավաջրության դեպքում պետք է օգտագործենք այն։ Սա օպերատիվ դրական լուծում է 130 հազար քաղաքացիների համար»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում նկատեց, որ 15 տարվա մեջ սա 3-րդ դեպքն է, որ կառավարությունը հավելյալ ջրառի հարցով դիմում է ԱԺ-ին. «Բնապահպանների կողմից SOS հնչեցնելը անհասկանալի է. այստեղ կատաստրոֆա չկա։ Դե, հասկանալի է` բնապահպանները իրենց գործն են անում»։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ելույթում կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել` Սեւան լճից ջրառը որակելով սոցիալական բնույթի նախագիծ։