Ն. Փաշինյանին մտահոգում է պաշտոնյաների` «այս պահին» ձեւակերպումը (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց ԵՏՄ անդամակցության տված տնտեսական ազդեցություններից. «Արդյո՞ք մենք անցնելու ենք մեկ միասնական դրամական միավորի, ասենք` ռուբլու գոտու, եւ ՀՀ-ն անդամակցի»: Արթուր Ջավադյանը նշեց, որ դրա մասին շատ խոսակցություններ են եղել. «ԵՏՄ բոլոր գործընկերներիս հետ մեկ միասնական որոշում ունենք` մինչեւ 2025թ. այդ մասին ընդհանրապես քննարկում չենք ունենալու։ Դրանից հետո ԵՏՄ-ն ինչ իրավիճակում կլինի, այդ ժամանակ միայն կքննարկենք դա։ Ոչ թե պատրաստ չենք մեկ միասնական արժույթին անցնելուն, այլ մոտ ապագայում դրա մասին խոսք չի կարող լինել։ ՀՀ դիրքորոշումը շատ կոշտ է։ Հաշվի առնելով ԵՄ միասնական արժույթի եւ դրական, եւ բացասական կողմերը, բոլորս զերծ ենք ուզում մնալ նման քննարկումներից։ Նույնիսկ փաստաթուղթ ենք ստորագրել այդ մասին»: Ինչ վերաբերում է ԵՏՄ տնտեսական օգուտներին, ապա ԿԲ նախագահը նշեց, որ այս տարի դեպի ՀՀ ՌԴ քաղաքացիների 30 տոկոսից ավելի աճ կա: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ միասնական մաքսատուրքի առումով մենք, անդամակցելով ԵՏՄ-ին, կորուստներ ենք ունեցել, եւ դա է վկայում 2016թ. պետական բյուջեն. «Բացի այդ, ինձ միշտ մտահոգել է պաշտոնյաների` «այս պահին» ձեւակերպումները»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ավելացրեց նաեւ, որ 53 տոկոսով ՀՀ-ից արտահանման ծավալները ավելացել են դեպի ԵՏՄ տարածք։