Հյուսիս-հարավ-ի ճակատագիրը կրկին անհայտ է մնում
ԱԺ արտահերթ նիստում այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին հարց ուղղեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հյուսիս-հարավ ճանապարհի մասին. «Ճանապարհի այն հատվածները, որոնք շահագործման են հանձնվել, արդյոք համապատասխանում են չափորոշիչներին, արդյո՞ք հաջորդ տարի կրկին պիտի քանդեն-սարքեն։ Արդյո՞ք կրկին ունենալու ենք ճանապարհային փոքրիկ ճգնաժամեր»: Լեւոն Յոլյանի պատասխանն ավելի, քան զարմանալի էր. «ՎՊ-ն 2016թ. վերահսկողություն չի իրականացրել այդ ճանապարհահատվածի վերաբերյալ, այս տարի էլ չի նախատեսել, սակայն ձեր մտահոգությունները նկատի կունենանք»: Նիկոլ Փաշինյանը շարունակեց` ասելով. «Անցած տարվա բյուջեով պետական պարտքի շրջանակներում գումարներ են ծախսվել այդ ճանապարհահատվածի համար, ու արդյունքում ի՞նչ ենք ստացել, թե կրկին պարտք պիտի վերցնենք, որ մի գո՞րծ արվի»: Լեւոն Յոլյանի պատասխանը նախորդից չտարբերվեց. «Եւս մեկ անգամ աչալրջորեն կուսումնասիրենք ձեր մտահոգությունը»։