ՌԴ տարածքում հայաստանցի վարորդների հարցը կլուծվի սեպտեմբերին (տեսանյութ)
Հունիսի 1-ից Ռուսաստանի տարածքում աշխատանքի նպատակով ավտոմեքենա վարելու իրավունք ունեն միայն նրանք, ում վարորդական վկայականը տրված է ՌԴ-ի կողմից։ Այլ խոսքով՝ Հայաստանում ստացած վարորդական վկայականով չես կարող այնտեղ տաքսի կամ երթուղային տրանսպորտ վարել։ Բայց օրինակ կարող ես զբոսաշրջային այց կատարել ՌԴ-ի քաղաքներ։ Այս հարցը չի կարգավորվում ԵՏՄ օրենքներով, ինչի արդյունքում բազմաթիվ հայ վարորդներ զրկվել են Ռուսաստանում ավտոմեքենա վարելու հնարավորությունից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանի խոսքով՝ հարցը ԵՏՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչների առաջ բարձրացրել են ինչպես Ղըրղըզստանի, այնպես էլ Հայաստանի ներկայացուցիչները։ «Ռուսաստանն արդեն իսկ որոշ քայլեր արել է և հայտարարել, որ այդ հարցն ինչ-որ չափով լուծվելու է։ Առաջին լուծումը, որ Ռուսաստանն էր առաջարկում, դա կապված էր նրա հետ, որ մենք պետք է հարմոնիզացնենք մեր պահանջները նկատմամբ, որ ընդունվի վարորդական իրավունքը։ Բայց վերջերս Ռուսաստանն եկավ այն եզրակացության, որ ԵՏՄ երկրների համար օրենսդրությունում կանի առանձնահատուկ փոփոխություններ և նույնիսկ օրենքի առաջին ընթերցում է անցել։ Հուսով ենք՝ արդեն սեպտեմբերին այդ հարցը բոլոր վարորդների համար կլուծվի»։ «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության երկու տարին» խորագրով կլոր սեղանին մասնակցող Կարինե Մինասյանը խոսեց նաև Լարսում հայ ապրանք արտահանողներից ապօրինի գանձվող վճարների հարցից. «Ես այսօրվա դրությամբ չունեմ ոչ մի նամակ հայկական բիզնեսից ապօրինի գանձումների վերաբերյալ»։ Իսկ թե ինչու ԵՏ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ չի ուսումնասիրել այս հարցը, տիկին Մինասյանը նշում է. «Լարսում առանձին միջանցք է բացվել Հայաստանի տրանսպորտի համար»։ Մանրամասները՝ տեսանյութում