Ստյոպա Սաֆարյանը՝ Բակո Սահակյանի կրկին առաջադրվելու մասին (տեսանյութ)
Երեխայի սպանության փաստն ազդելու է միջազգային հանրության վրա, սա շարքային երեւույթ չէ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին շփման գծում արձանագրված լարումից ադրբեջանական կողմում գրանցված զոհերի փաստին. «Որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ժողովրդին տրամադրել հնարավոր պատերազմին, այնուամենայնիվ անսպասելի էր, որ հայկական կողմը կարող էր նման քայլի գնալ»: Քաղաքագետն Ադրբեջանի կողմից վախ է տեսնում. «Ադրբեջանը մտավախություն ունի, որ հայկական կողմը կարող է չբավարարվել եւ կրկին դիմել պատասխան գործողությունների»: Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ սպանված երեխայի նկարները տարածելով մի կողմից փորձ է արվում ատելություն սերմանել, մյուս կողմից նրանք բնակչության շրջանում մեծացնում են վախի մթնոլորտը. «Ադրբեջանի պետական ապարատն աշխատում է, իսկ հայկական կողմի մոտ ոչինչ տեսանելի չէ: Մենք սահմանափակվում ենք միայն հայտարարություններ անելով»: Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Արցախի ընտրություններին, մասնավորապես Բակո Սահակյանի առաջադրվելուն. «Եթե նույն անձն անընդմեջ մնում է իշխանության ղեկին, ապա Արցախի միջազգային ընկալման տեսակետից դա լավ չի դիտվի: Մեծ փոփոխությունները տեղի են ունենում այն դեպքում, երբ լինում է իշխանափոխություն»: Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաեւ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպմանը եւ նշեց, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները մեծացրեցին աշխարհում անորոշության աստիճանը. «Մենք ունենալու ենք ուժի կենտրոնների որոշակի ձեւավորում, բայց աշխարհում մեծ տեղաշարժեր չեն լինի»: Որքան էլ Թրամփը խոսում էր Իսլամիստական պետությունների դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին, այնուամենայնիվ Սիրիայում զիջումներ չեն լինելու, ասում է Ստեփան Սաֆարյանը: