Բոլորի ուշքնումիտքը` շեյր արին, լայք արին. մտահոգություններ՝ ԱԺ-ում
ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ելույթում հայտարարեց, որ հեռուստատեսությունը կորցրել է իր իրական ազդեցությունը։ Ըստ նրա` փոփոխությունները պետք է լինեն բոլոր ոլորտներում` փոխշաղկապված. «Մարդ իրեն չի կարող զով զգալ տան միայն մի սենյակում, երբ ամբողջ տանը շոգ է։ Նույնն էլ վերաբերում է իրականության մյուս ոլորտներին, այդ թվում` հեռուստատեսային ոլորտին։ Երբ համեմատում ես մյուս ոլորտները, հասկանում ես, որ հեռուստատեսությունը չարյաց փոքրագույնն է։ Պատժեք այն հեռուստաընկերություններին, որոնք գովազդ մտնելիս չորս անգամ բարձրացնում են ձայնային ուժգնությունը, որը տանը տհաճ իրավիճակի է հանգեցնում, մանավանդ, երբ երեխա կա քնած»: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ օրենքի կոպտագույն խախտում է, երբ օրը ցերեկով էրոտիկ ու սարսափ ֆիլմեր են տարածում։ Ինչքան կարելի է ցույց տալ հնդկական սերիալներ, էրոտիկ ֆիլմեր։ Օրինակ` մի հաղորդման շրջանակներում մի քաղաքացի Մեսրոպ Մաշտոցին չճանաչեց, բայց մի երգչուհի կոչվածի ճանաչեց, անունը չեմ տալիս, որ չզզվեք։ Սա ընտանիքի, մայրության, մանկության տեսանկյունից սխալ է»: https://youtu.be/sq58XAlxwqw ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր արտահերթ ելույթում նշեց, որ հեռուստատեսությունը մեր ածանցյալն է, մեր հետեւից վազում է, մեր իրականությունն է. «Մենք պետք է մաքրենք մեր հեռուստաեթերը։ Օրինակ` Միքելանջելոն վերցրեց արձանը, բոլոր ավելորդ բաները հանեց ու ստեղծեց իր Դավիթին։ Ռեյտինգացավով ենք տառապում։ Ազատությունը պետք է տալ կիրթ մարդուն։ Այսօր բոլորի ուշքնումիտքը` շեյր արին, լայք արին։ Լավ, այս լայքացավից ե՞րբ պիտի ազատվենք։ Մեր ազգային հերոսներին հիշում ենք միայն տոնից տոն։ Մեր իրականությունն էդքան էլ տխուր չէ, որքան սերիալներում են ներկայացվում։ Անկախության սերունդ ավելի լավն է, քան իմը։ Ի վերջո, ամեն ինչ կարելի է ճաշակով անել»: https://youtu.be/rzuWv0UY86o ՀՀԿ պատգամավոր, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արման Սաղաթելյանն անդրադարձավ այն դժգոհություններին, թե հեռուստառադիոեթերով քաղաքական բազմակարծության համաչափությունը չի պահպանվում. «Որեւէ քաղաքական գործչի կամ պաշտոնյայի չեմ հանդիպել, որ գոհ լինի իր մասին լուսաբանումից։ Այս ենթատեքստում, քանի որ բոլորը դժգոհ են, ուրեմն ամեն ինչ ճիշտ է ընթանում ու համաչափությունը ճիշտ է պահպանվում»։ ՀՀԿ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարճ ելույթ ունեցավ` ասելով «Սահմանին վերջին գործողությունների արդյունքում ադրբեջանցի մի երեխա զոհվեց։ Մեզ համար ցավ էր դա։ Մեր կայքերում այդ պատկերն է անընդհատ երեւում։ Մի անգամ ցույց տվեցին, հասկացանք, ի՞նչն է սրա նպատակը։ Կա պահ, որ պետք է ձեռքը բռնել ու ասել, որ չի կարելի»: https://youtu.be/1GSKmH5HnSo ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն իր եզրափակիչ ելույթում պաշտոնապես հայտարարեց, որ ազգային հեռուստաեթերով սարսափ կամ էրոտիկ ֆիլմեր չկան. «Միգուցե դա կաբելային կամ փաթեթային հեռուստաընկերություններում են, կարող ենք այդ հարցը քննարկել»։ ՀՌԱՀ տարեկան հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն։