82 մլն դրամի նոր քաղհայց՝ Օֆշորի գործով կալանավորվածի դեմ (տեսանյութ)
Հայտնի Օֆշորի գործով կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի դեմ դատախազը 82 մլն 445 հազար դրամի քաղհայց ներկայացրեց՝ 2011-2012 թթ. հարկեր չվճարելու համար: «Գտնում ենք, որ անհիմն է ներկայացված քաղաքացիական հայցը, քանի որ Աշոտ Սուքիասյանը հանցագործ չէ, եւ տեղի է ունեցել համատեղ բիզնես: Ինչպես բիզնեսից տուժել է Փայլակ Հայրապետյանը, այնպես էլ տուժել է Աշոտ Սուքիասյանը»,- հայտարարեց Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը: Աշոտ Սուքիասյանը, ըստ պաշտպանի, բանկում գրավադրել իրեն եւ հարազատներին պատկանող գույքը, եւ վերցրել 3 մլն դոլարի վարկ, որը օգտագործվել է բիզնեսի մեջ: «Փակել է Փայլակ Հայրապետյանի գույքերը իրավական տեսքի բերելու եւ գրավ դնելու համար ծախսած 850 հազար ԱՄՆ դոլարը»,- ավելացրեց պաշտպանը: Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանից պահանջում է իր ողջ ունեցվածքը. «Խաբեությամբ ինձանից իր ընկերոջ միջոցով, բանկի միջոցով տարել է: Պահանջում եմ օրենքի խստությամբ դատել, որովհետեւ նա մենակ ինձ չի խաբել, 5 տարի խաբել է հայ ժողովրդին : Իմ ունեցածը եթե շուկայական գներով հաշվարկենք, ոչ թե բանկային գներով, 100 մլն դոլարի ունեցվածք է»: Օֆշորային այս սկանդալում շրջանառվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները: Սակայն նրանք հերքում են իրենց առնչությունը այս գործին. «Այդ գումարները գնացել է իրենց հաշիվների վրա, հնարավոր չէ, դու ունենաս հաշիվ, թեկուզ ստորագրել ես կամ չես ստորագրել, գումարի շարժի ժամանակ բանկը քեզ տեղյակ է պահում: Փաստորեն ամբողջ շարժի ընթացքում ասում են տեղյակ չենք եղել: Դա խաբեություն է պարզապես: Լավ կլինի՝ իրենք էլ խոստանան եւ ասեն, որ ինչպես Հայրապետյանն է խաբվել, այնպես էլ իրենք են խաբվել, բոլորին խաբել է նա: Կարծում եմ, որ խաբվել են, այո»: Դատարանում այսօր միջնորդությամբ հանդես եկավ Աշոտ Սուքիասյանը՝ խնդրելով վերացնել տեսակցությունների վրա դրված արգելքը: Թեեւ դատախազը եւ տուժող կողմը դեմ էին միջնորդությանը, դատավորը բավարարեց : Հուլիսի 21-ին Աշոտ Սուքիասյանն ու իր պաշտպանը հանդես կգան պաշտպանական ճառով: Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել է Աշոտ Սուքիասյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: