Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն. Սուրեն Քրմոյան

Քաղաքականություն
qrmoyan

Դատական համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված. այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Անդրադառնալով դատական համակարգին՝ փոխնախարարը նշեց, որ վերհանվել  են մի շարք խնդիրներ, որոնց փորձել են լուծում տալ: «Մենք թիրախավորել ենք դատարանների և դատավորների ներքին անկախության երաշխիքները, որպես գործիք ամրագրել ենք էլեկտրոնային գործիքակազմը»,- ասաց նա և ավելացրեց, որ ընթացակարգերն են պարզեցնելու, ժամկետներն են կրճատելու և ներդնելու են վեճերի լուծման այլընտրանքային տարբերակ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն անդրադարձավ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, ըստ որի իշխանությունները պարտավոր են մանրամասն հետաքննություն իրականացնել Սասնա Ծռեր խմբի անդամների ծեծի դեպքը  եւ պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր կազմակերպիչներին: Սուրեն Քրմոյանն ասաց, որ համապատասխան քրեական գործ է հարուցվել եւ Արդարադատության նախարարությունը կողմ է, որ հանցագործության մեջ բոլոր ներգրավվածներն անխտիր պատասխանատվության ենթարկվեն: «Հայաստան Հանրապետության իրավասու մարմիններն են ընդունելու որոշում և ոչ թե միջազգային կառույցը, իսկ նրանց բարձրացրած բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն»,-ասաց նա: Փոխնախարարը նաեւ չմեկնաբանեց Սասնա Ծռերի անդամներից Արայիկ Խանդոյանին ծեծե՞լ են, թե՞ ոչ: Իսկ ինչ  վերաբերում է նրան համապատասխան բուժօգնության տրամադրելուն, Սուրեն Քրմոյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ ՔԿՀ-ներում գտնվող անձանց բուժօգնություն տրամադրվի և հիմա  դիտարկում են բուժանձնակազմի անկախության հետ կապված հարցերը:  Հարցին, թե արդյո՞ք չի նախատեսվում առաջիկայում  լուծել դատապարտյալների զբաղվածության հարցը պատիժը կրելու ընթացքում, Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ կարեւոր է, երբ դատապարտյալը  փոխհատուցում է  պետության պատճառած վնասը:  «Մենք փուլ առ փուլ պետք է աշխատատեղեր ստեղծենք, ՔԿՀ-ում կան փոքր արտադրամասեր, բայց դրանք  բավարար չեն:  Մենք դիմել ենք մասնավոր ընկերություններին,  ովքեր ցանկություն կունենան  ներդրումներ անել եւ միեւնույն ժամանակ օգտագործել դատապարտյալների աշխատուժը , ապա նախարարությունն ամեն կերպ կաջակցի»: Քրմոյանի խոսքով՝  մոտակա  5 տարվա թիրախը 40-50 տոկոս  դատապարտյալների  համար աշխատանքային զբաղվածություն ապահովելն է: